Հունաստանի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է ռուսաստանցի գործարարի հետ կապված սկանդալի պատճառով. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունաստանի սպորտի նախարար Գեորգիոս Վասիլիդիսը հայտարարել է երկրի ֆուտբոլի առաջնությունն անորոշ ժամանակով կանգնեցնելու մասին:
«Կառավարությունը երեք տարի չարչարվել է, որպեսզի ֆուտբոլը անվտանգ լինի: Մենք թույլ չենք տա վերադառնալ անկարգությունների ժամանակները:
Կանոնները պետք է միանման լինեն բոլորի հետ: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք անորոշ ժամկետով կանգնեցնել առաջնությունը: Մոտակա ժամերին մենք հանդիպումներ կունենանք արհմիությունների, ֆեդերացիայի, լիգայի հետ», ասել է հույն պաշտոնյան:
Նման որոշման պատճառ է դարձել Հունաստանի առաջնության վերջին տուրի ՊԱՕԿ-ԱԵԿ հանդիպման ժամանակ տեղի ունեցած աննախադեպ միջադեպը:
Չեմպիոնության համար պայքարող այս թիմերի միջև հանդիպման վերջում, երբ հաշիվը 0:0 է եղել, ՊԱՕԿ-ը գոլ է խփել, որը մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չի հաշվել:
Դա խիստ զայրացրել է ՊԱՕԿ-ի սեփականատեր, ռուսաստանցի գործարար, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իվան Սավիդիին, որն իր թիկնապահների հետ խաղադաշտ է ներխուժել և անկարգություններ հրահրել: Ընդ որում, գործարարը զինված է եղել ատրճանակով:
Արդյունքում հանդիպումը չի ավարտվել, իսկ Հունաստանի իշխանությունները Սավիդիին ձերբակալելու սանկցիա են տվել:



