3950 դիտում
23:05 12-03-2018
Գարնանացան սերմերի բաշխումն ակտիվ փուլում է, շուտով նոր խմբաքանակ կներմուծվի Ռուսաստանի Դաշնությունից. ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներ` այգիներում ընթացող այգեբացի և էտի աշխատանքներին հետևելու, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության նոր ծրագրերի մասին իրազեկելու նպատակով:
Փոխնախարարի դիտարկմամբ` գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, արդեն իրականացվել են նաև ծառերի առաջին բուժման աշխատանքները: Նշելով, որ այս տարի եղանակային պայմանները բարենպաստ են գյուղատնտեսության համար` նախարարի տեղակալը միաժամանակ հորդորել է այգեգործներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հնարավոր ցրտահարությունից խուսափելու համար:
«Այս պահի դրությամբ ես մեր հողօգտագործողներին, այգեգործներին, գյուղացիներին կհորդորեի, որ նրանք փորձեն ժամանակին ավարտել աշխատանքները, նախապատրաստական աշխատանքներ տանեն, որ հետագայում եթե նույնիսկ լինեն ցրտահարության դեպքեր, գոնե կարողանան պատրաստ լինել ծխահարման, կրակի միջոցով բերքի պահպանմանը», - նշել է Աշոտ Հարությունյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ ծրագրերին` փոխնախարարը նշել է, որ պահեստավորված գարնանացան սերմերի բաշխումն ակտիվ փուլում է, շուտով նոր խմբաքանակ կներմուծվի Ռուսաստանի Դաշնությունից:
Նա նաև տեղեկացրել է, որ բացի գարնանացան գարուց և ցորենից, այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկրում և սուբսիդավորված գներով հողօգտագործողներին տրամադրում է նաև կերային մշակաբույսերի սերմացուներ (առվույտ, կորնգան), ինչպես նաև հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմեր (սիսեռ, ոսպ, ոլոռ)` ցանքաշրջանառության խնդիրը կարգավորելու և հանրապետությունը բարձրարժեք մշակաբույսերով ապահովելու համար:
Նրա խոսքով` արդեն ավարտին են մոտենում դիզվառելիքի տրամադրման համար հայտարարված մրցույթի անցկացման աշխատանքները: «Նախատեսվում է, որ դիզվառելիքը հողօգտագործողներին կհասցվի տեղերում մեկ լիտրը 380 դրամով, այսինքն` 60 դրամ պետությունը սուբսիդավորում է», - հավելել է փոխնախարարը:
Այս տարի մեկնարկած ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերի վերաբերյալ փոխնախարարը նշել է, որ մի շարք ֆինանսական կառույցների հետ արդեն կնքվել են պայմանագրեր, և մոտ օրերս հողօգտագործողներն ու այգետերերը կարող են դիմել համապատասխան բանկերին վարկավորման գործընթացը սկսելու համար:
Արմավիրի Հացիկ գյուղի բնակիչ Էմիլ Ներսիսյանը, որը մոտ 5 հեկտարի վրա զբաղվում է ավանդական այգեգործությամբ, նշել է, որ ընթացիկ տարին բարենպաստ է, և գարնանային աշխատանքները սկսել են սովորականից ավելի վաղ: Գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի վերաբերյալ տեղյակ է և շուտով պատրաստվում է դիմել, հատկապես հետաքրքրված է կաթիլային ոռոգման ծրագրով. «Վերջին տարիներին կյանքը ցույց տվեց, որ ջուրը սակավ է, տեղումները շատ քիչ են, բնականաբար, ուզում ենք, որ ջրի հարցը գոնե ինչ-որ չափով կարգավորված լինի: Ծրագրին ծանոթանալով` գիտենք, որ բավականին մեծ խնայողություն է արվում, դրա համար ցանկանում ենք օգտվել», - նշում է նա:
Նույն համայնքի բնակիչ Նազարեթ Ներսիսյանի այգում ծիրանենին արդեն ծաղկման փուլում է, ընթացքի մեջ է փոշոտումը, ամեն ծառից տարեկան ստանում են 300-400 կգ բերք: Այգեգործը նշում է, որ արդյունավետ գործունեությանը հիմնականում խոչընդոտում է ոռոգման ջրի սակավությունը. «Հիմա մեզ մոտ ընդհանուր է ոռոգվում, եթե կաթիլային լինի, առանձին ամեն ծառի համար ջրի պահանջը շատ քիչ կլինի, կծախսվի օգտագործվող ջրի մոտ 10 տոկոսը», - նշել է նա: Այգեգործը պետական աջակցության ծրագրերից առանձնացնում է հատկապես գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա գյուղացիներին նվազեցնել բնական աղետների, մասնավորապես` կարկտահարության հետևանքով կրած վնասները:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
778 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1048 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1312 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ