211652_close_icon
views-count3132 դիտում article-date 20:00 07-03-2018

Կարեն Կարապետյանը հերթական մարզային խորհրդակցությունն է անցկացրել Վայոց ձորի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 16.544 մլրդ դրամ, գյուղատնտեսականը՝ 23.8 մլրդ դրամ, առևտրաշրջանառությանը՝ 7.3 մլրդ դրամ, ծառայություններինը՝ 8.3 մլրդ դրամ, շինարարությանը՝ 37.8 մլրդ դրամ: 2017 թ. ներդրումների ծավալը կազմել է 104.5 մլրդ դրամ, ստեղծվել է 910 հիմնական և 943 ժամանակավոր աշխատատեղ: 2018 թ. աշխատանքային ծրագրով նախատեսվում է 64.816 մլրդ դրամ ներդրում և 1400 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղի ստեղծում: Հաշվետու տարում մասնավոր հատվածում կատարվող ներդրումները կազմել են 100 մլրդ 353 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է 55 մլրդ 236 մլն դրամի ներդրում՝ հանքարդյունաբերության, կաթի ու կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման ու չրերի արտադրության, տեքստիլ արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Վարչական ռեգիստրի ինստիտուտի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքների համակարգման խումբ, որն զբաղվելու է համայնքներից վիճակագրական տվյալների հավաքագրմամբ և տարբեր գերատեսչություններին տեղեկատվության տրամադրման հարցերով: Անդրադառնալով 2017 թ. համայնքային ցուցանիշներին՝ մարզպետը նշել է, որ մարզի 8 համայնքների տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 1 մլրդ 836,4 հազ. դրամ, որը նախատեսվածից ավելի է 18.5 մլն դրամով (101 տոկոս), սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 726,6 մլն դրամ (100,9 տոկոս): 2016 թ. համեմատ 2017 թ. սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 147.0 մլն դրամով: Մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամտային մասի ընդամենը եկամուտները պլանավորվել են 1 մլրդ 952,7 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները` 889,1 մլն դրամ: 2018 թ. համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017 թ. համեմատ նախատեսվել է հավաքագրել 172.5,0 մլն դրամով ավելի: Վարչապետը նշել է, որ Վայոց ձորի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող սեփական եկամուտը չի համապատասխանում այն հնարավորություններին, որոնք առկա են մարզում և պետք է հետևողական աշխատել այդ ցուցանիշները համադրելի դարձնելու, ինչպես նաև բնակչության զբաղվածությունն ավելացնելու ուղղությամբ: «Վայոց ձորն իր բոլոր՝ սոցիալական, տնտեսական, բիզնես խնդիրների ամենաարագ լուծվող մարզերի դասին պետք է պատկանի, որովհետև իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի: Մենք մարդուն աշխատանք պետք է տանք և մաքսիմալ պայմաններ ստեղծենք: Վայոց ձորը կոմպակտ տեղ է իր հողով, գյուղատնտեսությամբ, և մենք շատ արագ բոլորին աշխատատեղով ապահովելու պոտենցիալ ունենք», - ասել է կառավարության ղեկավարը: Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. ոռոգելի հողատարածքները Վայոց ձորի մարզում կազմել են 6534 հա, 2018 թ. նախատեսվում է ոռոգվող հողերն ավելացնել ևս 10 հա-ով: 2017թ. ֆինանսական վարձակալության լիզինգով ձեռք է բերվել 1 միավոր գյուղտեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 4-ը: 2016 թ. հիմնվել է 25 հա ինտենսիվ այգի, 2017 թ.՝ 30 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել ևս 55 հա: 2017 թ. 7 հա-ը ոռոգվել է կաթիլային եղանակով, 2018 թ. նախատեսվում է կաթիլային համակարգով ոռոգվող տարածքների ծավալը հասցնել 25 հա-ի: Նշվել է, որ 2018 թ. գյուղատնտեսության ոլորտում ակնկալվում է ունենալ 2 մլրդ դրամի աճ: Վարչապետն ընդգծել է, որ Վայոց ձորի մարզում առկա են աճի լուրջ հնարավորություններ և հանձնարարել աճի ավելի բարձր նշաձող դնել, ինչպես նաև քննարկել գյուղատնտեսական ներդրումային ծրագրերում և համայնքային, մարզային և հանրապետական նշանակության չօգտագործվող գույքի կառավարման գործընթացում մասնավոր ներդրողին ներգրավելու հնարավորությունները: 2017 թ. մարզի գյուղատնտեսության ոլորտում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից Վայոց ձորի մարզում իրականացվել են շուրջ 430.3 մլն դրամի աշխատանքներ: 2018 թ. նախատեսվում են 755 մլն դրամի ներդրումներ, արդյունքում կստեղծվի 200 նոր հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: 2017 թ. իրականացվել է 104 մլրդ 515 մլն դրամի ներդրում, շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 37 մլրդ 838 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է մարզում իրականացնել 64 մլրդ 816 մլն դրամի կապիտալ ներդրումներ, իսկ շինարարական աշխատանքների ծավալը կանխատեսվում է 28 մլրդ 825 մլն դրամ: Հեռանկարային են համարվում աղբի վերամշակման, այծի պանրի արտադրության, զբոսաշրջության, խաղողագործության, չրերի արտադրության ոլորտներում ներդրումային ծրագրերը, որոնց մասով կատարվել են որոշակի ֆինանսական հաշվարկներ: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել ֆինանսական գնահատականով, կոնկրետ արդյունքներով ծրագրեր և աշխատել դրանցում ներգրավել նաև Վայոց ձորից դուրս եկած հաջողակ գործարարներին:

Նմանատիպ նյութեր