211652_close_icon
views-count4786 դիտում article-date 16:05 06-03-2018

Ուրախալի է փաստել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2017 թ. զգալի աճ է արձանագրել. Սուրեն Կարայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Մասնավորապես՝ քննարկվել են տնտեսության այն ոլորտները, որտեղ հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու ներուժ կա․ դրանք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, ագրոբիզնեսը և այլն։ Սուրեն Կարայանը նշել է, որ ուրախալի է փաստել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականին զգալի աճ է արձանագրել, և այդ աճը շարունակվել է ընթացիկ տարվա հունվարին։ Այդուհանդերձ, նախարարն ընդգծել է, որ տնտեսական փոխգործակցության ողջ ներուժն իրացված չէ, և հարկավոր է ջանքերը մեկտեղել ավելի մեծ առաջընթաց գրանցելու համար։ Այդ տեսակետից կարևորվել է ընթացիկ տարվա մարտի 19-ին ԱՄՆ-ում կայանալիք Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։ «Իմ այցը վերստին շեշտադրում է հայ-ամերիկյան աշխույժ առևտրային հարաբերությունների մասով ԱՄՆ կառավարության ստանձնած հանձնառությունը: Անցած տարվա ընթացքում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 42%-ով: Մենք գնահատում ենք Հայաստանը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը և աջակցում դրանց: Ընդլայնված տնտեսական հնարավորությունները մեր երկրների համար երկուստեք շահավետ են», -իր խոսքում նշել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը նախատեսվող հարցերի շրջանակին, ներդրումային դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող GSP առևտրային ռեժիմին առչվող հարցերին։

Նմանատիպ նյութեր