2017թ. Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն. Սուրեն Կարայան
Կանխատեսում ենք, որ արտահանման աճի այն տեմպերը, որոնք գրանցվել են 2016 թվականին, առնվազն կպահպանվեն 2017-ին, և ավելի կգերազանցենք այդ տեմպերը: Ներդրումների մասով ևս աճի տեմպեր կունենանք: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը:
Սուրեն Կարայանի խոսքով՝ 2016-ի վերջին եռամսյակում բավականաչափ աշխատանքներ են իրականացրել և ակնկալում են, որ այս տարի և՛ տնտեսական աճը, և՛ բոլոր ցուցանիշները, այդ թվում նաև արդյունաբերությունն ու արտահանումը լուրջ աճ կունենան:
Սուրեն Կարայանին հարց ուղղվեց, թե՝ վարչապետի նշանակման ժամանակ տնտեսության վիճակը չափազանց ծանր էր. ի՞նչ է փոխվել վերջին ամիսների ընթացքում: Ներդրումների և տնտեսական զարգացման նախարարը պատասխանեց. «Վերանայեցինք տնտեսության զարգացման մոդելը։ Ելնելով փոքր տնտեսության առանձնահատկություններից՝ տնտեսության զարգացման շեշտը դնում ենք արտահանման վրա»: