211652_close_icon
views-count8178 դիտում article-date 19:29 02-03-2018

Ռիգայում կայացել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 1-ին Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ռիգայի ամենահին Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի զոհերի հիշատակի 30-ամյակին նվիրված միջոցառում, որին Լատվիայի ռադիո երգչախումբը և «Սինֆոնետա Ռիգա» նվագախումբը հանդես եկան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` Գրեմմիի մրցանակաբաշխությանը ներկայացված Ռեքվիեմի կատարմամբ: Համերգին կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել Ռիգայի հայ առաքելական եկեղեցին։ Միջոցառմանը մասնակցում էին Լատվիայի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Զբիգնիև Ստանկևիչյուսը, Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, մշակութային ականավոր գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն այսօր նվիրվում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Ադրբեջանում իրենց կյանքը կորցրած Սումգաիթի անմեղ զոհերի հիշատակին: Դեսպան Մկրտչյանը հավելեց, որ Ռեքվիեմը կոչ է նաև ատելության և բռնի ուժ կիրառելու, «Այլևս երբեք»-ը որպես զուտ հռետորական կոչ դիտարկելու դեմ: Դեսպանը Մկրտչյանն իր ելույթում նաև մեջբերեց Ռիգայում ծնված հայտնի Իսայա Բերլինի խոսքերը, ով 1990թ. 132 նշանավոր այլ մտավորականների հետ ստորագրած նամակում նշել է, որ 1988թ. փետրվարին տեղի ունեցած սումգաիթյան ջարդերին հետևած Բաքվի և Կիրովաբաթի ջարդերը կրում էին նույն ձեռագիրը, որը և հանգեցնում է այն եզրակացության, որ այդ ողբերգական իրադարձությունները պատահական դեպքեր կամ ինքնաբուխ երևույթներ չէին: Համերգին ներկա շուրջ 600 հոգանոց հանդիսատեսը հոտնկայս ընդունեց բարձր կատարողականությամբ օժտված Ռեքվիեմի մեկնաբանությունը: Համերգի ընթացքում հնչեցին նաև կատարումներ Կոմիտասի խմբերգերից։ Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց լատվիական մամուլում. Լատվիայի հանրային հեռուստաընկերությունը եթերներ էր պատրաստել Տիգրան Մանսուրյանի, դեսպան Տիգրան Մկրտչյանի, Արքեպիսկոպոս Ստանկևիչյուսի մասնակցությամբ: Լատվիական հանրային ռադիոն, դասական երաժշտության ռադիո ալիքը, Լատվիայի ամենամեծ լրատվական կայքն ու ամենամեծ օրաթերթը՝ համապատասխանաբար «DELFI»-ն և «Diena»-ն, ծավալուն հոդվածներով և հարցարույցներով անդրադարձ կատարեցին այս համերգին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր