211652_close_icon
views-count3226 դիտում article-date 16:27 01-03-2018

Հավանության են արժանացել Ինժեներական և Խելացի քաղաքների ստեղծման ժամանակացույցերը

Կառավարությունը հավանություն է տվել «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին: Ըստ այդմ՝ կսահմանվեն «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի հիմնական բաղադրիչները, նպատակներն ու խնդիրները, առավելությունները, ծրագրի իրագործման ուղղությամբ իրականացվելիք գործողությունները, պատասխանատուները, ֆինանսավորման աղբյուրները և ակնկալվող արդյունքները: Ինժեներական քաղաքը ստեղծելու նպատակով ընտրվել է Բագրևանդ փողոցի 3 հա մակերեսով հողամասը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտում առկա է զգալի չիրացված ներուժ, որի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով կարևորագույն մարտահրավեր է հանդիսանում արդիական տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը: ՀՀ-ում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնվել է «Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության մոդելով: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50 տոկոսը նախատեսվում է համաֆինանսավորել ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50 տոկոսը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի (ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ) կողմից: Արդյունքում նախատեսվում է ԻԲՏ ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետների պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղերի ստեղծում, առնվազն 20 նորաստեղծ կազմակերպությունների հիմնում: Կառավարությունը հավանություն է տրվել նաև «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: Արդյունքում նախատեսվում են մոտեցումներ, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և կխթանեն տեղեկատվական հասարակության ձևավորումն ու զարգացումը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում դեռևս լիարժեք թվայնացված չեն ենթակառուցվածքները և ծառայությունները։ Արդյունքում կներդրվեն էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայություններից օգտվելու հնարավորություններ: Կստեղծվի տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաներով հագեցված (թվայնացված) տարածք, որը նախատեսված է խելացի լուծումների նախագծման, լաբորատոր փորձարկումների և արտադրության համար՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված կենտրոններով: «Խելացի քաղաքի» ստեղծումը միտված է նաև ենթակառուցվածքների և ծառայությունների թվայնացմանը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության, հայրենական արտադրության և այլ ծառայությունների զարգացման համար:

Նմանատիպ նյութեր