2090 դիտում
14:40 20-06-2014
Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ավելի քան վեց տասնյակ ընկերություններ:
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում:
«Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը մեծապես կարևորել է ավանդական դարձած ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի կայացման գործում, քանի որ նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում մասնակից ընկերություններին ոչ միայն ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումը բիզնեսում, այլև նպաստել նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանը, գործարար միջավայրում համագործակցության խթանմանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է՝ աջակցելու ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ այն ունի առաջընթացի մեծ ապագա: «Կառավարությունը գործնական աջակցություն է ցուցաբերելու մեր երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող այս ոլորտին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետը շրջել է ֆորումին մասնակից ընկերությունների տաղավարներով՝ ծանոթացել նրանց արտադրանքին, ծառայություններին, առաջարկություններին ու նոր գաղափարներին:
Ֆորումին ներկայացված 64 ընկերություններից 13-ն օտարերկրյա են: Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքին մասնակցում է նաև ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը, որը ՌԴ-ում մեծ համբավ ունի և համագործակցում է բոլոր խոշորագույն կազմակերպությունների հետ: Ֆորումի շրջանակներում կկայանա նաև երկու միջազգային համաժողով: Հայ-հոլանդական եւ հայ-ռուսական համաժողովները նվիրված են լինելու ոլորտի համագործակցությանը ու փորձի փոխանակմանը:
Վարչապետը Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող մի քանի հարցերի: Մասնավորապես, խոսելով ստվերի կրճատման մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում խոշոր հարկատուների մոտ ստվերը նվազագույնի հասցնելու համար:
«Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել փոքր և միջին ձեռնարկություններին արտոնություններ տալուն, և տվյալ օրենքը քննարկվում է Ազգային ժողովում: Այն քայլերով, որոնք այժմ ձեռնարկում ենք ՓՄՁ-ների ուղղությամբ, փակում ենք խոշոր բիզնեսի ճանապարհը՝ ստվերով աշխատելու ուղղությամբ: Մեր նպատակն է, որպեսզի բոլորն աշխատեն հարկային դաշտում»,- նշել է վարչապետը:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ ֆինանսների նախարարությունը 10 օրը մեկ հաշվետվություն է ներկայացնելու նաև հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչպիսի տենդենց է նկատվում: «Մենք լինելու ենք հետևողական և կառավարությունն իր պայմանավորվածությունները պահելու է: Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»,- հավելել է վարչապետը:
Անդրադառնալով Գառնու հեթանոսական տաճարի և Զվարթնոցի շուրջ վերջին օրերին մամուլում տեղ գտած տեղեկատվությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցով լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի հետ և պահանջել, որպեսզի քայլեր ձեռնարկվեն ու պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության: «Այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է լինելու:
Այսուհետ պետք է բացառել նման պայմանավորվածությունները և այն խնդիրները, որոնք հարուցում են մեր հանրության դժգոհությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ նոր օրինագծով սահմանվող պարտադիր սոցիալական վճարը հուլիսի 1-ից նախատեսվում է կիրառել պետական հատվածի 200 հազարից ավելի աշխատողների համար, որոնց աշխատավարձերը կառավարությունը շուտով բարձրացնելու է: Մասնավորապես, այդ նպատակով հատկացվել է 38 միլիարդ դրամ: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների, մշակույթի տների, երաժշտական դպրոցների, մանկապարտեզների և այլ պետական հաստատությունների աշխատողների սոցիալական վճարը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ, կատարելու է կառավարությունը՝ պետական բյուջեից:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանը ներկայացված 12 առաջարկություններին՝ վարչապետը նշել է, որ դրանց մեծ մասն արտացոլված է Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրում: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ և ընդունել յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն:
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
2271 դիտում
12:34 19-06-2015
Վարչապետը մասնակցել է ԴիջիԹեք ամենամյա բիզնեսի ֆորումի բացմանը. լուսանկարներ
Այս բաժնից
823 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
682 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
478 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը