Բաղրամյան 26-ի վերանորոգման համար մոտ 2 միլիոն դրամ կհատկացվի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Նախագահական նստավայրի վերանորոգման և մի շարք փոփոխությունների համար պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքի Մեկ անձից կատարվող գնումներ բաժնից՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կարիքների համար գրասենյակային սարքերի տեղադրման ծառայությունների ձեռքբերման և նախագահի աշխատակազմի կարիքների համար վերականգնման աշխատանքների համար նախագահի աշխատակազմը կվճարի համապատասխանաբար՝ 950 և 980 հազար դրամ: Նշված աշխատանքները կատարելու է «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ընկերությունը:
Աշխատակազմի կարիքների համար գրասենյակային սարքերի տեղադրման ծառայությունների համար կվճարվի 950 հազար դրամ, որը կվճարվի ամսեամիս 100 հազարական դրամի չափով: Պայմանագրի համաձայն՝ պարտքի մարման ժամկետը դեկտեմբերն է:
Այս ծառայությունները ներառում են օդորակիչների և օդափոխության համակարգերի վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, այդ թվում՝ օդորակիչների, անվտանգության և հակահրդեհային համակարգերի տեղադրում:
Ամենից մեծ ծախսն այս աշխատանքներում օդորակիչների եռաքայլ փականի փոխարինման արդյունքում կառաջանա: Այն կարժենա 120 հազար դրամ: 100 հազար դրամ էլ կկազմի օդորակիչների արտաքին բլոկի ջերմափոխանակչի նորոգումը ապամոնտաժելով և մոնտաժելով՝ զոդելով և գազի լիցքավորումով: Օրինակ՝ օդորակիչների արտաքին բլոկի ապամոնտաժումը կարժենա 20 հազար դրամ, օդորակիչների ախտորոշումը՝ 10 հազար, իսկ օդորակիչների ներքին բլոկի օդամուղի մաքրումը՝ 25 հազար դրամ: 3–5 հազար դրամ գումար էլ կպահանջվի օդորակիչների խողովակների փոխարինման, զոդման, ֆիլտրերի մաքրման և այլնի համար:
Աշխատակազմի կարիքների վերականգնումը, որ գրեթե 1 միլիոն դրամի ծախս կպահանջի, իրենից ներկայացնում է նախագահական նստավայրի վերանորոգում: Թե այդ մեծ շենքի կոնկրետ որ հատվածն է վերանորոգվելու, պայմանագրից հասկանալ հնարավոր չէ: Սակայն պարզ է, որ վերանորոգում է նախատեսվում իրականացնել սանհանգույցներից մեկում: Բացի այդ, նախագահականի ներսում, ինչ–որ մի մասնաշենքում կամ աշխատասենյակում տեղի է ունենալու պատերի քանդում և ապամոնտաժում, այնուհետև՝ սվաղում, հարդարում ու ներկում, առաստաղների տեղադրում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է նաև տեղադրել ալյումինե վիտրաժներ թրծված ապակուց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]