211652_close_icon
views-count2068 դիտում article-date 13:51 05-09-2019

ՔԿՀ-ների կապիտալ վերանորոգման համար պահուստային ֆոնդից կհատկացվի 170 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը 9 ամսում հատկացնել 170 մլն դրամ: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավմամբ, մասնավորապես` «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի, «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» ՔԿ հիմնարկներում արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցման և կապիտալ վերանորոգման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցի վերակառուցման համար հատկացվել է 39,618.7 հազ. դրամ գումար, գնումների մրցույթը կյացել է 33,000.0 հազ. դրամ գնային առաջարկով, որից 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքների դիմաց վճարվել է 19,785.5 հազ. դրամ, մնացած 19,833.2 հազ. դրամը վերադարձվել է պետբյուջե: Նախահաշվով նախատեսված շինարարական աշխատանքները ավարտելու համար 2019 թվականին անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 12,580.9 հազար դրամ: ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար վերջին 10 տարիների ընթացքում կառուցման և կապիտալ վերանորոգման նպատակով հատկացվող միջոցների բացակայության պատճառով` նշված ՔԿ հիմնարկներում ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, կոյուղագծերը գտնվում են վթարային վիճակում և ամռան ամիսներին վթարվելու դեպքում կարող են հակասանիտարական և համաճարակային իրադրություններ առաջացնել: Նշված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը` 176,706.2 հազ. դրամ, ըստ ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի` նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Նմանատիպ նյութեր