Տեղի է ունեցել ԵՊՀ դասախոսների և Բրեմենի համալսարանի պրոֆեսոր Ռուլֆ Քնիպերի համահեղինակությամբ խնդրագրի շնորհանդեսը
Այսօ՝ փետրվարի 27-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում անցկացվեց իրավական խնդիրների կազմման և լուծման մեթոդիկային նվիրված սեմինար-քննարկում և «Քաղաքացիական իրավունքի խնդրագիրք (լուծումներով)» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը:
Սեմինար-քննարկումն անցկացրեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ, Բրեմենի համալսարանի պրոֆեսոր, Թբիլիսիի և Քիշնևի պետական համալսարանների պատվավոր դոկտոր Ռոլֆ Քնիպերը:
Քննարկմանը ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
«Մեր ֆակուլտետում այսօր առանձնահատուկ իրադարձություն է: Ֆակուլտետի և GIZ-ի հետ համագործակցությունը տարիների պատմություն ունի և բովանդակային լուրջ գործընթացներ է ենթադրում: Այսօր այդ համագործակցության շրջանակում հյուրընկալել ենք պրոֆեսոր Քնիպերին, ով մեր երրորդ հանրապետությունում պարբերաբար մասնակցել է որոշակի օրենսդրական, օրինաստեղծ և այլ գործընթացների»,- նշեց Գագիկ Ղազինյանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև «Քաղաքացիական իրավունքի խնդրագիրք (լուծումներով)» ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը, որի հեղինակներն են դոկտոր Ռոլֆ Քնիպերը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանը, նույն ամբիոնի դոցենտ Գրիգոր Բեքմեզյանը և ասիստենտներ Արսեն Թավադյանն ու Սիմոն Ֆարմանյանը: Աշխատության մասնագիտական խմբագիրը Վահրամ Ավետիսյանն է:
Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հավաստմամբ՝ խնդրագիրքը նոր մոտեցում է կրթության կազմակերպման գործընթացում՝ և՛ խնդիրների, և՛ դրանց լուծումների ձևակերպման առումով:
Նշենք նաև, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի անունից Գագիկ Ղազինյանը պրոֆեսոր Ռոլֆ Քնիպերին հանձնեց շնորհակալագիր՝ Իրավագիտության ֆակուլտետում դասավանդման մեթոդիկայի կատարելագործման, ֆակուլտետի միջազգայնացմանը նշանակալի աջակցություն ցուցաբերելու, Հայաստանում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: