Մարսյալը զարմացած է «Մանչեսթեր Յունայթեդի» վարքագծից
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսյալը կարող է լքել ակումբը: Նրա պայմանագիրը անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2019թ. ամառը:
Դեկտեմբերին ֆուտբոլիստի գործակալը հանդիպել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ: Սպասվում էր, որ ակումբը Մարսյալի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջարկով հանդես կգա, սակայն դա առայժմ տեղի չի ունեցել:
Մարսյալին զարմացրել է թիմի նման վերաբերմունքը: Նա գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իրեն թերագնահատում են: Իսկ երբ Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվեց մանչեսթերյան ակումբ, նոր պայմանագրի շուրջ բանակցությունները Մարսյալի հետ դադարեցվել են:
Այս իրավիճակում Մարսյալը նույնիսկ հրաժարվել է ձեռք բերել այն տունը, որը Մանչեսթերում պատրաստվում էր գնել:
22-ամյա ֆրանսիացիով հետաքրքրված են «Տոտենհեմը», «Ինտերը» և «Ռեալը»: