Քննարկվել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր՝ փետրվարի 23-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին։
Նախարարը դեսպանի հետ քննարկել է երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։
Մասնավորապես Սուրեն Կարայանն Իգոր Նազարուկի հետ քննարկել է տրանսպորտային միջոցների հավաքման արտադրամասերի շուրջ համագործակցությունը։ Նշվել է, որ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով շուտով Հայաստան կայցելի բելառուսական կողմի աշխատանքային խումբը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ի ներսում ապրանքների ներմուծման փոխարինման գործիքակազմի ձևավորման հարցերին։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի և Բելառուսի դեսպանի հանդիպման ընթացքում քննարկվել է Բելառուսի զարգացման բանկի հետ համագործակցության ամրապնդման կարևորությունը։