211652_close_icon
views-count3615 դիտում article-date 16:27 22-02-2018

Լիբանանի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը փետրվարի 22-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի անդամներ: Ողջունելով Լիբանանի Հանրապետության նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է Հայաստանի եւ Լիբանանի քաղաքական հարաբերությունները՝ պայմանավորելով դրանք բազմադարյան բարեկամությամբ, պատմական առնչություններով եւ հայ համայնքի մեծ դերակատարությամբ: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Միշել Աունի ներդրումը Լիբանանի կայունության, անվտանգության եւ զարգացման գործում: Խոսելով լիբանանահայ համայնքի մասին՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ նրանք առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ են եւ լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ կրթական կյանքում: Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ պատգամավորական բարեկամական խմբերի համագործակցությունը: Լիբանանի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելելու Հայաստան: Միշել Աունի խոսքով՝ Լիբանանը մշակութային բազմազանություն ունեցող երկիր է, որտեղ տարբեր ազգերի եւ դավանանքների տեր մարդիկ համերաշխ ապրում են կողք կողքի՝ հարգելով միմյանց: Լիբանանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել է անվտանգության եւ կայունության ապահովումը: Հանդիպման ավարտին Լիբանանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր