Չեխիայի Հանրապետության նախագահն այցելել է Ազգային ժողով
Հունիսի 8-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Պատվիրակության անդամների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աժ խմբակցությունների ներկայացուցիչներ:Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն առանձնակի կարեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը, քանի որ Չեխիան Եվրոպայում մեր առանցքային գործընկերներից է:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական հարաբերություններում, եւ այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը եւ այս համատեքտում կարեւորել է հայ- չեխական խորհրդարանական ակտիվ համագործակցությունը եւ փոխայցելությունները, ինչպես նաեւ խորհրդարանական բարեկամության խմբերի աշխատանքը: