211652_close_icon
views-count17219 դիտում article-date 02:02 21-02-2018

Չեմպիոնների լիգա. «Չելսին» ճակատամարտ տվեց «Բարսելոնային». ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումը լիովին արդարացրեց սպասելիքները: Մարզասերները հրաշալի և բարձրակարգ ֆուտբոլի ականատես դարձան: Թեպետ հանդիպման ֆավորիտ էր համարվում «Բարսելոնան», սակայն Անտոնիո Կոնտեն իզուր չէ համարվում աշխարհի լավագույն՝ տակտիկապես ճկուն մարզիչներից մեկը: «Չելսին», ինչպես և սպասվում էր, խաղում պաշտպանողական մարտավարությամբ՝ շեշտը դնելով հակագրոհների վրա: Նման խաղաոճը խիստ անհարմար էր կատալոնացիների համար, որոնք որքան էլ վերահսկում էին գնդակը, սակայն լոնդոնցիների պաշտպանական օղակները չէին կարողանում ճեղքել: Ավելին, գոլային պահերի քանակով «Չելսին» բացահայտ առավելություն ուներ: Փայլուն հանդիպում անցկացրեց Վիլիանը, որի հարվածներից հետո երկու անգամ «Բարսային» փրկեցին դարպասաձողերը, սակայն 62-րդ րոպեին նրա հերթական դիպուկ հարվածը Տեր-Շտեգենի համար անկասելի էր՝ 1:0: «Բարսելոնան» մինչ այդ ընդհանրապես նույնիսկ չէր անհանգստացրել «Չելսիի» դարպասապահ Կուրտուային և գոլ ընդունելուց հետո էլ ոչինչ չէր ստացվում: Կոնտեի թիմը իդեալական կարգապահությամբ էր պաշտպանվում: Եվ միայն մեկ աններելի սխալ թույլ տվեցին. 75-րդ րոպեին Քրիստենսենի սխալից օգտվեց Ինյեստան, որի փոխանցումից հետո Լիոնել Մեսին հավասարեցրեց հաշիվը. 1:1: Ի դեպ, «Չելսին» միակ թոփ-ակումբն էր մնացել, որի դարպասը Մեսին երբեք չէր գրավել, և վերջապես, այդ անեծքը արգենտինացին հանեց: Մինչև խաղավերջ թիմերը գոլային այլ պահեր չունեցան. մարտական ոչ-ոքի՝ 1:1, և այս դիմակայության հաղթողի հարցը տեղափոխվեց պատասխան հանդիպում: «Չելսին» ցույց տվեց, որ կարող է հավասար պայքար մղել կատալոնական ակումբի դեմ: Զուգահեռ խաղում, ինչպես և կանխատեսել էինք, «Բավարիան» քարը քարի վրա չթողեց թուրքական «Բեշիքթաշից»՝ 5:0: Դուբլի հեղինակներ դարձան լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և Թոմաս Մյուլերը: Նշենք, որ «Բեշիքթաշը» 16-րդ րոպեից 10 հոգով էր խաղում: Այս դիմակայության պատասխան խաղն արդեն ձևական բնույթ կկրի: Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում «Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:1 Վիլիան, 62 - Լիոնել Մեսի, 75 «Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 5:0 Թոմաս Մյուլեր, 43, 66, Քինգսլի Քոման, 52, Ռոբերտ Լևանդովսկի, 79, 88
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր