211652_close_icon
views-count3211 դիտում article-date 21:22 20-02-2018

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում կայացել է համայնքների դիմակայունությանը նվիրված միջազգային ֆորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 20-ին, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) շրջանակներում կայացավ համայնքների դիմակայունությանը նվիրված (ԴԻՊԵԿՈ) ծրագրի 5-րդ շրջափուլի ներքո իրականացվող միջազգային ֆորում, որը կազմակերպվել է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ սերտ համագործակցությամբ: Ֆորումի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել ՀՀ մարզային կառույցների հետ քննարկել և վերլուծել աղետների ռիսկի կառավարման ոլորտում մարզերում իրականացվող քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից պետք է իրականացվի Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) բաղադրիչի ներառումը մարզային և համայնքային զարգացման ծրագրերում: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում վերահաստատեց Եվրոպական միության հանձնառությունը՝ օժանդակելու գործընկեր երկրներին համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը իր խոսքում կարևորեց համայնքների դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը, միաժամանակ նշելով, որ արտակարգ իրավիճակների նախարարության հետ կատարվել է հսկայական աշխատանք համայնքներում դիմակայունության խնդիրների բացահայտման և օրենսդրական դաշտը դրան համահունչ կատարելագործելու ուղղությամբ: Ելույթ ունեցան և համայնքների դիմակայունության վերաբերյալ իրենց մոտեցումները շարադրեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասսին, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ֆորումի մասնակիցներին հորդորեց մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի տեսանկյունից մարզային և համայնքային ծրագրերի վերլուծությանը, նշելով նաև, որ համայնքների համար պետական սուբսիդավորումը պետք է դիտարկել նաև որպես աղետների դիմակայունության բարձրացման միջոց: «Առանց աղետների ռիսկի նվազեցման հնարավոր չէ զարգանալ»,- հավելեց նախարարը՝ ֆորումի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Ֆորումի ընթացքում քննարկվեցին Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման նպատակների և ԱՌԿ ազգային ռազմավարության համատեքստում համայնքների դիմակայունության բարձացման խնդիրները: Մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին և զարգացման ծրագրերի պատասխանատուներին ներկայացվեցին համայնքների դիմակայունության բարձրացման խնդիրները` Սենդայի ԱՌՆ գործողությունների ծրագրի, Կայուն զարգացման նպատակների, ԱՌԿ ազգային ռազմավարության համատեքստում, սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականություններում ու ծրագրերում ԱՌԿ բաղադրիչի ներառման վերլուծության արդյունքները, ինչպես նաև՝ նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը, որը նպաստում է տեղական և մարզային մակարդակներում ռիսկի արդյունավետ կառավարմանը: Ֆորումի հիմնական նպատակն էր խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ դրանով իսկ նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր