211652_close_icon
views-count3858 դիտում article-date 10:58 06-02-2018

Ումի՞ց են վախենում, երբ արգելում են Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը. «Առավոտ»

«Առավոտ» թերթիառաջնորդողը գրում է. «Վրաստանի նախկին նախագահ, իսկ ներկայումս Ուկրաինայում բոցաշունչ ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլին ամենևին էլ աչքիս լույսը չէ: Չնայած հնարավոր չէ հերքել, որ վարդերի հեղափոխությունից հետո նա որոշ չափով «կարգի բերեց» իր հայրենիքը: Հիմա ասում են, որ նա` որպես Վրաստանի ղեկավար, «հայատյաց էր»՝ դա էլ վիճելի հարց է: Ես նրան չեմ ընկալում որպես ինչ-որ վառ ժողովրդավար, նրա առաքելությունն այլ էր՝ վերականգնել տարրական կարգուկանոնը և անցկացնել տնտեսական բարեփոխումներ, ինչը Սաակաշվիլին կարողացավ անել եթե ոչ «5»-ի, ապա «4»-ի: Իշխանության կենտրոնացման քաղաքականության շրջանակներում ազգային փոքրամասնություններին առանձնապես արտոնություններ չեն տրվում, մանավանդ՝ եթե այդ փոքրամասնությունները կոմպակտ են բնակվում, ինչպես որ Ջավախքի որոշ շրջաններում է: Ասել, որ դա հատուկ հայերի դեմ էր արվում, ինձ թվում է` չափազանցություն է: Ումի՞ց են վախենում մեր իշխանությունները, երբ արգելում են Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսը՝ Կրեմլի՞ց, թե՞ Վրաստանի ներկայիս իշխանություններից, այնքան էլ կարևոր չէ: Ինձ թվում է՝ այստեղ պետք է գործի շատ պարզ սկզբունք՝ խախտո՞ւմ է այդ գիրքը Հայաստանի օրենսդրությունը, թե՞ չի խախտում: Այդ սկզբունքից ելնելով` պարզ է, որ Հիտլերի «Մայն Կամպֆ»-ի շնորհանդեսն արգելելը միանգամայն օրինական կլիներ, որովհետև այդ գիրքը պարունակում է օրենքով արգելված գաղափարների քարոզչություն: Եթե նման բան չկա, ապա ցանկացած գաղափարի, գրքի, թերթի տարածումը պետք է միայն խրախուսել: Թող մարդիկ կարդան և անեն իրենց հետևությունները: Սակայն «թվային դարի» առանձնահատկությունն այն է, որ զուտ ֆիզիկապես այդ շնորհանդեսը կարելի է նաև չանցկացնել: Ավելին` շնորհանդեսի անցկացման արգելքն ավելի լավ շնորհանդես է, քան զուտ ֆիզիկապես այդ գիրքը որևէ խանութում կամ թանգարանում բաժանելն ու մակագրելը: Նրանք, ովքեր բացարձակապես չէին հետաքրքրվում Սաակաշվիլիի արտահայտած մտքերով (օրինակ` ես), սկսեցին մտածել՝ «գուցե այդ գրքի մեջ ինչ-որ բան կա՞»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր