211652_close_icon
views-count1474 դիտում article-date 14:49 10-05-2026

Ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտում․ 4 վիրավորների մեջ կա երեխա․ բոլորը ընտանիքի անդամներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 70-ամյա Ռուբեն Ն.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Պերեվալներ» հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանել է Ճամբարակի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կառլեն Նալբանդյանն ու Շահեն Քոչարյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել են 6 հոգի, սակայն հիվանդանոց են տեղափոխվել 4-ը, և բոլորը ընտանիքի անդամներ են։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր