211652_close_icon
views-count796 դիտում article-date 21:56 11-04-2026

Փաստ է, որ խախտվել և շարունակվում են խախտվել Դավիթ Մինասյանի՝ ինչպես անմեղության կանխավարկածը, այնպես էլ ազատության կանխավարկածը․ Հակոբ Կուրեղյան

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Հակոբ Կուրեղյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ 

«Դավիթ Մինասյանի գործով կարևոր արձանագրում 

Տարբեր հարթակներում հաճախ հանդիպում եմ նման ձևակերպումների՝ «կալանքը համարժեք ՊԱՏԻԺ չէ» կամ, հակառակը, «հանցանք է կատարել, պետք է ՊԱՏԺՎԻ»։

Հարգելի՛ գործընկերներ և քաղաքացիներ, ԿԱԼԱՆՔԸ ՊԱՏԻԺ ՉԷ։ Դավիթի մեղավորությունը որևէ հանցանքի կատարման մեջ հաստատված չէ, գտնվում ենք անմեղության կանխավարկածի տիրույթում։

Կալանքը խափանման միջոց է, որը կիրառվում է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով այն դեպքերում, երբ առկա է մեղադրյալի կողմից հանցանք կատարելու, փախուստի կամ իր վրա դրված պարտականությունները չկատարելու (օրինակ՝ վկաների վրա ճնշում գործադրելով ապացուցման գործընթացին խոչընդոտելու) այնպիսի ռիսկ, որը հնարավոր չէ այլ կերպ (տնային կալանք, գրավ կիրառելով) զսպել։
Կալանքի կիրառման որոշումը կայացրած դատավորը փաստացի արձանագրել է միայն մեկ ռիսկ՝ այն, որ 12-րդ դասարանի աշակերտը կարող է ճնշում գործադրել վկաների նկատմամբ, և այդ ռիսկը հնարավոր է զսպել բացառապես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով։ Որևէ այլ ռիսկ դատարանի կողմից չի արձանագրվել։

Իհարկե, պարզ չէ՝ ինչպես է 12-րդ դասարանի գերազանց առաջադիմությամբ աշակերտը ճնշում գործադրելու անձանց նկատմամբ։ Փաստ է միայն, որ խախտվել և շարունակվում են խախտվել Դավիթ Մինասյանի՝ ինչպես անմեղության կանխավարկածը, այնպես էլ ազատության կանխավարկածը»։

Նմանատիպ նյութեր