211652_close_icon
views-count2763 դիտում article-date 18:36 05-02-2018

Վերաքննիչ դատարանը բավարարել է կրկնակի քվեարկելու փորձ կատարած քաղաքացուն երկու տարվա ռեալ ազատազրկման դատապարտելուն ուղղված դատախազության հերթական բողոքը

Ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ դատախազի ներկայացած հերթական բողոքն է բավարարվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից: 2017 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Գործն ուղարկվել է ըստ ենթակայության՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել էր, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի բնակիչ Դավիթ Ալեքսանյանը 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 18:47-ին, Ամասիայի թիվ 30/37 ընտրատեղամասում անցկացվող ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացել է հանձնաժողովի անդամ, տեխնիկական սարքի օպերատորին և, ներկայացնելով իր նույնականացման քարտը՝ կատարել սահմանված կարգով քվեարկություն: Սակայն րոպեներ անց մուտք գործելով ընտրատեղամաս, կրկին քվեարկություն կատարելու դիտավորություն ունենալով՝ մոտեցել է նույն տեխնիկական սարքի օպերատորին և ներկայացրել անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ համապատասխան սարքի միջոցով արձանագրվել է նրա կողմից կրկնակի քվեարկություն կատարելու փորձ: Դավիթ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: 2017 թվականի ապրիլի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 2017 թվականի օգոստոսի 23-ին վերջինիս կողմից կայացվել է դատավճիռ, որով Դավիթ Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող հանցագործության կատարման համար և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Դատական ակտը ՀՀ Շիրակի մարզի դատախազի կողմից պատժի մասով բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Քննելով բողոքը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է այն, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում երկու տարի ժամկետով: [b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր