211652_close_icon
views-count12365 դիտում article-date 18:52 28-01-2018

Բանակի օրվա առթիվ Նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. ՖՈՏՈՇԱՐՔ

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ Բանակի օրվա առթիվ, hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: [b]Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ պարգևատրման արարողության ժամանակ[/b] Պարոնա՛յք գեներալներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք սպաներ, Սիրելի՛ ազատամարտիկներ, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր դուք արժանացել եք հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին: Դա մեր ժողովրդի և պետության կողմից ձեզ երախտագիտություն հայտնելու մի դրվագ է: Համոզված եղեք, որ ձեր ծառայությունը և ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում շատ բարձր է գնահատվում: Ամեն անգամ այսպիսի պաշտոնական արարողությունները գալիս են ապացուցելու, որ իրոք, ոչ ոք և ոչինչ չի՛ մոռացվել, ձեր արած ոչ մի գործ աննկատ չի՛ մնացել: Վստահ եմ, որ մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը մշտապես խրախուսում է ձեզ՝ պատվով և արժանապատվությամբ շարունակելու ձեր ազնիվ ծառայությունը Հայաստանին և Արցախին: Ձեր անցած ճանապարհն ու անբասիր ծառայությունը մեկ նպատակ է հետապնդում՝ պահպանել Հայաստան աշխարհի անվտանգությունը և անդորրը: Ձեր և ձեր զինակիցների շնորհիվ ապրում ու արարում է Հայաստանը: Այսօր քայլ առ քայլ, հետևողականորեն իրականացվում են մեր ժողովրդի նվիրական երազանքները: Այս համոզմամբ և գիտակցությամբ Հայաստանը շարունակելու է հազարամյակների իր երթը դեպի լուսավոր ապագա: Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս դահլիճում են և, իհարկե, նաև նրանց, ովքեր այլ արարողակարգով են ստացել իրենց պարգևները: Դուք և ձեր զինակիցները Հայաստանի ժողովրդի հույսն ու ապավենն եք: Մենք հպարտանում ենք ձեզնով և հենվում ձեր հաղթական կամքի վրա: Շնորհակալ եմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+

Նմանատիպ նյութեր