211652_close_icon
views-count3784 դիտում article-date 15:20 21-09-2015

ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի և մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաև այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգևները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին տոնի և պետական բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ Սիրելի՛ բարեկամներ, Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Հաճույքով շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի և մեր երկրի բարձր կոչումներին ու պարգևներին արժանանալու կապակցությամբ: Պետական պարգևներ հանձնելու արարողությունները սովորաբար տեղի են ունենում կարևոր տոների կապակցությամբ: Անկախության տոնը նվիրական է և լուսավոր այնպես, ինչպես անկախության սերունդն է, որին փոխանցելու եք ձեր ասպարեզներում նվաճած բարձունքները: Մենք բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ անխախտ առաջընթացի համար անհրաժեշտ է ճանաչել, գնահատել և խրախուսել արժանավորներին: Մեր պետության հիմքում պետք է ամրապնդենք արդարության սկզբունքը, որպեսզի ի վիճակի լինենք լավն ու բարին տարանջատել վատից ու չարից: Այստեղ ներկա են մեր երկրի ու հասարակության արժանավոր շատ զավակներ: Այս պարգևները ձեր ազնիվ, արգասաբեր աշխատանքի և ծառայության համար մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտելու լոկ խորհրդանշական միջոց են: Չեմ կասկածում, որ բոլոր նվիրյալների ժամանակն էլ գալու է, և պարգևները գտնելու են մյուս արժանավորներին: Սիրելի՛ բարեկամներ, Մենք երախտապարտ ենք տարբեր ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց աշխատանքով, հետևողականությամբ, ստեղծագործական անսպառ եռանդով և ապագայի նկատմամբ հավատով առաջ են մղում մեր հասարակությունն ու երկիրը: Այստեղ առկա ջերմությունը պետք է նոր լիցքեր հաղորդի բոլորիս, որպեսզի նոր ուժով լծվենք աշխատանքի: Այդ լիցքերը մենք պարտավոր ենք ոչ միայն կրել, այլև փոխանցել մեր ընտանիքներին, հարազատներին և բարեկամներին, որպեսզի դրանով տոգորվի մեր ողջ հասարակությունը: Կրկին շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Շնորհակալություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր