211652_close_icon
views-count5920 դիտում article-date 10:57 26-01-2018

Մարդ է, փորձանքի մեջ է ընկել, պետք է նրան կարեկցել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ցանկացած երևույթի հանդեպ մոտեցումը կարող է լինել երկու տեսակի. 1) քաղաքական, 2) մարդկային: Ենթադրենք, ինչ-որ մի պաշտոնյա կամ ինչ-որ մի մեծահարուստ վթարի է ենթարկվել: Եթե ձեզ համար առաջնայինը քաղաքականն է, դուք բարձրաձայն կամ հոգու խորքում կչարախնդաք՝ «հասնում է քեզ, թալանչի, ժողովրդի կեղեքիչ»: Եթե առաջնայինը մարդկայինն է, ապա կմտածեք կամ կասեք՝ «մարդ է, փորձանքի մեջ է ընկել, պետք է նրան կարեկցել»: Առաջին մոտեցումը ես համարում եմ արտառոց, անառողջ, որովհետև «պայքարող տեսակ» չեմ, «դասակարգային թշնամիներ» չունեմ, ազգի կործանման կամ փրկության մասին չեմ մտածում, ուզում եմ, որ բոլորն առողջ ու երջանիկ լինեն՝ անկախ նյութական հնարավորություններից, սոցիալական դիրքից կամ քաղաքական հայացքներից: Երբ մեր հայտնի քաղաքական գործիչներից մեկի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել, նրա քաղաքական հակառակորդները սկսեցին ասել, որ դա ինքն է իր դեմ մահափորձ կազմակերպել: Իսկ հետո, երբ պետությունը նրան ուղարկեց բուժվելու, դժգոհեցին, թե ինչի վրա են ծախսվում պետության փողերը: Երկու դեպքում էլ մոտեցումը մարդկային չէր, քաղաքական էր` երբ խոսքը մարդու առողջության մասին է, նման խոսակցություններն ինձ անպատեհ են թվում: Քաղաքականությունը երբեմն մարդկանց հոգիների ստվերային, ոչ լուսավոր կողմերն է բացահայտում: Երբ հայտարարվել էր դրամահավաք՝ վիրավոր զինվորի բուժումը կազմակերպելու համար (և բացատրվեց, թե ինչու հնարավոր չէ դա անել պետական գումարներով), մարդիկ բուռն քաղաքական գործունեություն ծավալեցին, որովհետև դրամահավաքի կոչն արել էր պաշտպանության նախարարը: Բայց դարձյալ՝ երբ խոսքը մարդու, երիտասարդի, զինվորի առողջության մասին է, մնացած բոլոր հանգամանքներն ինձ համար երկրորդական են: Փողը հավաքվեց, տղան գնալու է բուժման՝ մնացածը երկրորդական է: Իսկ պաշտպանության նախարարին քննադատելու հազար ու մի այլ առիթ կա: Ինձ բացարձակապես դուր չի գալիս այն, ինչ 2016 թվականի ամռանն արել են ոստիկանական գնդի վրա զինված հարձակում գործած մարդիկ: Արդեն բազմիցս գրել եմ նման գործողությունների և դրանց փառաբանման հասարակական վտանգավորության մասին: Բայց այս պահին ամբաստանյալների աթոռներին հայտնված մեր քաղաքացիներն ինձ համար առաջին հերթին նեղության մեջ հայտնված մարդիկ են, և վերաբերմունքը նրանց կյանքի և առողջության հանդեպ պետք է լինի մարդկային: Ցավոք, պետական մարմինների վերաբերմունքը նրանց նկատմամբ հաճախ մարդկային չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր