211652_close_icon
views-count3677 դիտում article-date 09:43 17-01-2018

Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաև առանց հարկային բեռի մեծացման. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել է Պետեկամուտների կոմիտե: «ՊԵԿ-ի 2017 թվականի աշխատանքը գնահատում եմ դրական և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»,- ըստ տարածված հաղորդագրության՝ հայտարարել է վարչապետը ՊԵԿ-ում: Իհարկե, 2017 թվականին հավաքագրված մուտքերը շոշափելիորեն աճել են, և զուտ այդ տեսանկյունից ՊԵԿ-ի աշխատանքը դրական գնահատելու հիմքեր կան: Բայց ի՞նչ է լինելու այս տարի: Մի քանի ցուցանիշներ, որ երեկվա հանդիպման ժամանակ ներկայացրել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Հարկային եկամուտները անցած տարի կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 տոկոսով: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ: Դա նախորդ տարվա համեմատ 78,7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով: Հարկային եկամուտները 2017-ին գերազանցել են ոչ միայն 2016-ի ցուցանիշները, այլև հենց 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված չափը: Ըստ օրենքի սահմանված էր 1 տրիլիոն 135 միլիարդ: Այսինքն, ՊԵԿ-ը 2017-ին կարողացել է հավաքագրել 20 միլիարդով ավելի շատ գումար, քան բյուջեով սահմանվածն էր (իսկ եթե ԱԱՀ վերադարձն էլ հաշվենք, ապա «պլանը գերակատարվել է» ավելի քան 65 միլիարդ դրամով): Այս տարվա համար բյուջեով նախատեսվում է հավաքագրել 1 տրիլիոն 248 միլիարդ 500 միլիոն հարկային եկամուտ: Կստացվի՞, թե ոչ: Այս հարցին պատասխանելու համար պետք է հաշվի առնել մի չափազանց կարևոր հանգամանք: 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հարկային օրենսգիրքը, որի հետևանքները մենք զգում ենք արդեն հիմա: Խոսքը առաջին հերթին վերաբերվում է ավտոգազի, բենզինի ու դիզվառելիքի շեշտակի թանկացումներին: Որքանով թանկացել են այդ ապրանքները, ճիշտ այդքանով ավելանալու են բյուջեի հարկային մուտքերը, քանի որ այդ ապրանքների թանկացումը պայմանավորված է հարկերի ավելացմամբ: Այլ կերպ ասած, եթե ոչինչ չանենք, հարկային մուտքերը որոշ չափով կավելանան արդեն իսկ այս ապրանքների վրա նոր հարկերով պայմանավորված: Էականորեն կավելանան հարկային մուտքերը նաև մեկ այլ նոր հարկատեսակի շնորհիվ: Այսուհետ, ըստ Հարկային օրենսգրքի պահանջների, ընկերության ստացած շահույթը որը արդեն մի անգամ հարկվում է շահութահարկով, շահաբաժնի տեսքով փայատերերի միջև բաշխվելու դեպքում մի անգամ էլ է հարկվելու: Բացի դրանից, տնտեսվարողները իրենց մաշկի վրա հիմա արդեն զգում են օրենսգրքով սահմանված նոր կարգերի ազդեցությունը: Առաջինը, ինչից նրանք դժգոհում են, ՀԴՄ կտրոններով ծախսագրումներ անելու հնարավորության իսպառ վերացումն է: Մինչ անցած տարի ԱԱՀ վճարողները կարող էին ամսական մինչև 3 միլիոն դրամի ապրանք գնել և դա ցույց տալ որպես ծախս միայն ՀԴՄ կտրոնով՝ առանց հաշիվ-ապրանքագրի: Օրինակ ակտիվորեն գործող որևէ արտադրական ձեռնարկություն (ԱԱՀ դաշտում գործող), որին արտադրությունը չկանգնեցնելու համար պահի տակ անհրաժեշտ էր, ասենք, մի քանի փական, կամ անջատիչ, կամ հազար ու մի տեսակի այլ ապրանք, կարող էր հարևանությամբ գտնվող փոքր խանութից այն ձեռք բերել, վերցնել ՀԴՄ կտրոնը և վերջ: Հիմա այդ նույն ապրանքը գնելու համար անհրաժեշտ է հաշիվ-ապրանքագիր: Այսինքն, պետք է ձեռնարկությունը կապվի մի ինչ- որ խոշոր մատակարարի, ճշտի ապրանքի գինը, տեսակը, հաշիվ դուրս գրի, որը պետք է հաստատվի, փողը փոխանցի, սպասի, մինչև «նստի», ու գնա քաղաքի մյուս ծայրից այն վերցնի: Տեսականորեն սա պետք է խթանի, որպեսզի բոլոր մեծուփոքր խանութները հաշիվ դուրս գրեն, որը պետք է նվազեցնի ստվերը: Սակայն գործնականում դա էականորեն նվազեցնում է ձեռնարկությունների մոբիլությունը և ընկերությունները ստիպված են լինելու որոշակի «սև փողեր» ունենալ, որով անհրաժեշտության դեպքում կհոգան չնախատեսված որոշ ծախսեր: Հարկային օրենսգիրքը ընդամենը երկու շաբաթ է, ինչ մտել է գործողության մեջ, բայց տնտեսվարողները արդեն իսկ զգում են հարկային բեռի որոշակի ծանրացումներ, որոնք արտահայտվում են ինչպես ուղղակի ներգործությամբ, ինչպիսին, օրինակ, ակցիզային հարկի բարձրացումն է, այնպես էլ անուղղակի, ինչպես, օրինակ, ՀԴՄ կտրոնով ծախսերի կատարման անհնարինությունը: 2017 թվականին Պետեկամուտների կոմիտեի գործունեությունը ցույց տվեց, որ առանց հարկային բեռի ավելացման էլ հնարավոր է էականորեն մեծացնել հարկային մուտքերը՝ ստվերի կրճատման և տնտեսական աշխուժացման աճի շնորհիվ: Թերևս արժե քննարկել Հարկային օրենսգրքով նախատեսված կտրուկ փոփոխությունները վերացնելու կամ գոնե մեղմելու և ժամանակի ընթացքում դրանք դանդաղ կիրառելու տարբերակները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր