Իրանում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը. Al-Quds Al-Arabi
Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: 61-ամյա Ահմադինեջադը ձերբակալվել է դեկտեմբերի վերջում սկսված փողոցային ցույցերին աջակցելու և հրահրելու համար, հայտնում է արաբական Al-Quds Al-Arabi
Ձերբակալման հիմնավորումների թվում նշվում է այն, որ երկրի նախկին ղեկավարն այցելել է Բուշեր քաղաք, որտեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե իշխանություններին չեն մտահոգում սովորական մարդկանց խնդիրները: Նա մեղադրել էր նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությանը երկիրը պրոֆեսիոնալ կառավարելու անկարողության համար:
Հիշեցնենք, որ Իրանում գների աճի պատճառով դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր սկսվեցին երկրի ողջ տարածքում, որոշ քաղաքներում բախումներ եղան, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվեց ավելի քան 450 ցուցարար:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ հանրահավաքները պայմանավորված էին ոչ միայն ներքին խնդիրներով, այլ նաև հրահրվել էին այլ երկրների կողմից: