211652_close_icon
views-count2770 դիտում article-date 22:45 26-12-2017

Երևանի քաղաքապետարանը սեփական միջոցների ներդրմամբ նախատեսում է հիմնանորոգել մանկապարտեզներ

Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Երևանի էներգաարդյունավետության» ֆինանսական պայմանագիրը: Ներկայացնելով նախագիծը` Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել համայնքային շենքերի էներգաարդյունավետությունը՝ իրականացնելով շենքերի, մասնավորապես Երևանի ենթակայության մանկապարտեզների շենքերի ջերմային համապարփակ վերականգնում, տեղադրել ավելի փոքր էներգաարդյունավետ միջոցներ, ինչը էական ազդեցություն կունենա ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատման վրա: Միաժամանակ նշվել է, որ Երևանի քաղաքապետարանը սեփական միջոցների ներդրմամբ նախատեսում է հիմնանորոգել ծրագրում ընդգրկված մանկապարտեզները։ Վահե Նիկոյանը նշել է, որ ծրագրի վարկային բաղադրիչը կազմում է մինչև 7 մլն եվրո (ԵՆԲ վարկ), Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը՝ 2 մլն եվրո, E5P-ի (Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամ) դրամաշնորհը՝ 5 մլն եվրո (որպես առաջին տրանշ) և GCF-ի (Կանաչ կլիմայի հիմնադրամ) դրամաշնորհը՝ 1 մլն եվրո: Քննարկման արդյունքում ավագանու անդամները հավանություն են տվել «Երևանի էներգաարդյունավետության» ֆինանսական պայմանագրին:

Նմանատիպ նյութեր