211652_close_icon
views-count3769 դիտում article-date 19:49 22-12-2017

«Երևանի օրերը Մոսկվայում». ներկայացվել է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի ռազմավարությունը

Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպված «Երևանի և Մոսկվայի առևտրատնտեսական և հումանիտար կապերի հեռանկարները» խորագրով կոնֆերանսի շրջանակում ներկայացվել է «Երևան` խելացի քաղաք» ծրագրի ռազմավարությունն ու նպատակները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, խոսելով ծրագրի իրականացման ընթացքի մասին, նշել է, որ այսօր հետևողական աշխատանքներ են տարվում բնակիչների ու քաղաքի հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Հենց այդ նպատակին է ուղղված նաև «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման քաղաքականությունը: Դավիթ Գևորգյանը նաև հավելել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար՝ ընդգծելով, որ «Երևան` խելացի քաղաք» ծրագրի իրականացման հարցում կլինեն համագործակցության մի շարք ծրագրեր միջազգային տարբեր կառույցների և կազմակերպությունների հետ, այդ թվում նաև` միջազգային փորձն ուսումնասիրելու և այն գործնականում կիրառելու առումով: Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանն էլ ներկայացնելով ծրագրի մանրամասները` նկատել է, որ աշխարհում ընթացող տեխնոլոգիական զարգացումներն ու նորարարական լուծումները լայն հնարավորություններ են ստեղծում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համար: Հենց դա հաշվի առնելով էլ Երևանի քաղաքապետի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որն արդեն հստակ քայլեր է ձեռնարկում «Երևան` խելացի քաղաք» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ: Կլոր-սեղան քննարկման շրջանակում ոլորտի մոսկովյան պատասխանատուներն էլ իրենց հերթին ներկայացնելով խելացի քաղաքի Մոսկվայի փորձն ու կիրառվող մոտեցումները` վստահեցրել են, որ պատրաստ են սերտորեն համագործակցել երևանյան գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր