Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Մեղրիում Ազատ տնտեսական գոտու բացումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
Արցախում նախատեսված են Կ. Կարապետյանի հանդիպումը նախագահ Բակո Սահակյանի հետ, ավելի ուշ նաև այցելություններ տարբեր արտադրամասեր:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վարչապետն աշխատանքային այց էր կատարել Սյունիքի մարզ, որտեղ ներկա է գտնվել «Մեղրի ազատ տնտեսական գոտու» բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գոտու տարածքով, ծանոթացել այստեղ ստեղծված ենթակառուցվածքային պայմաններին և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ է ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, և դեկտեմբերի 15-ին տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության պաշտոնական մեկնարկը։ ԱՏԳ-ն նախատեսված է կառուցապատել 2 փուլով:
Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:
Երկրորդ փուլով նախատեսվում է ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային և այլ ծառայությունների համար։