211652_close_icon
views-count5661 դիտում article-date 19:03 14-12-2017

Փաշիկ Ալավերդյան. Հայաստանի ծանրորդները վերջին չորս տարում 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել

Վերջին չորս տարում՝ 2014-թվականից մինչև 2017-ը, Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ մեզի և արյան 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել միջազգային հակադոպինգային կազմակերպություններ կազմակերպած ստուգումներում և ոչ մի անգամ հակադոպինգային կանոնների խախտում չի հայտնաբերվել: «Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավոր է մեր նկատմամբ կիրառված պատժամիջոցի ժամկետը կրճատվի մինչև վեց ամիս և Հայաստանի հավաքականը, չի բացառվում ևս մեկ-երկու երկիր, կարողանա մասնակցել եկող տարվա գարնանը կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մենք 2018 թվականի մեր պլանը կազմել ենք հենց այդ հաշվարկով, որպեսզի պատրաստ լինենք: Պաշտոնապես մեր որակազրկման ժամկետը լրանում է ապրիլի 19-ին և դրանից հետո Հայաստանի ծանրորդները կարող են մասնակցել բոլոր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նա խոսեց նաև մեր ծանրորդների հետագա մարզական ճակատագրի, ծանրամարտում կատարված և սպասվող փոփոխությունների մասին. «Հռիփսիմե Խուրշուդյանը մայիս ամսից կարող է միանալ հավաքականին: Նա հիմա մարզվում է և պատշաճ մարզավիճակ պահպանում: Տիգրան Մարտիրոսյանը չի ցանկանում շարունակել ծանրորդի կարիերան: Նրա տարիքն արդեն այն չէ, երկար ժամանակ չի մարզվել: Հիմա նա մտածում է ընտանիք կազմելու և աշխատանքի մասին: Ծանրամարտում ամռանն էական փոփոխություններ են ակնկալվում: Մինչև հուլիս ամիսը տղամարդկանց քաշային կարգերը պակասեցվելու են մեկով: Թե´ տղամարդիկ, թե´ կանայք պայքարելու են 10 քաշային կարգում, որոնցից միայն յոթն է օլիմպիական լինելու: Իսկ թե որո՞նք, դեռ պարզ չէ: Ազգային ֆեդերացիաներին հանձնարարվել է մինչև հունիս ամիսը առաջարկներ ներկայացնել, որոնք քննարկելուց հետո միայն վերջնական որոշում կկայացվի: Տոկիոյում կրճատվելու է մեկ ազգային ֆեդերացիային մինչև այժմ հասնող օլիմպիական ուղեգրերի առավելագույն քանակը՝ վեցից իջնելով չորսի: Այսուհետև, ծանրորդը օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանիշ ստանալու համար պետք է 18 ամսվա ընթացքում մասնակցի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մեծահասակների 4-ից 6 պաշտոնական մրցաշարի: Հակառակ դեպքում, անկախ աշխարհի առաջնություններում ցույց տված արդյունքներից, նրան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ընձեռվի: Դա արվում է նրա համար, որպեսզի ծանրորդը աշխարհի ու մայրցամաքային առաջնություններին մասնակցելուց առաջ մի քանի անգամ դոպինգ ստուգում անցնի: Մենք մեր հավաքները 2018 թվականին կսկսենք ինչպես միշտ՝ հունվարի կեսերից, երբ պետական աջակցությունը կլինի: Հատուկ ուզում եմ նշել, որ այս տարվա 80 մեդալները նվաճելու գործում, որքան էլ մեծ է եղել պետական ֆինանսավորումը, անգնահատելի դեր է կատարել ՀԱՕԿ-ը Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Նկատի ունեմ հատկապես վնասվածք ստացած մեր ծանրորդների բուժումն ու վերականգնողական գործընթացը, առանց որի 2017 թվականին այսպիսի արդյունքներ չէինք ունենա: Մենք, ինչպես գիտեք, երկար ժամանակ է, ֆեդերացիայի նախագահ չունենք: Սակայն պարոն Ծառուկյանի շնորհիվ ոչ մի խնդիր չի եղել: Նա իր վրա է վերցրել բոլոր հոգսերը. ֆեդերացիային ֆինանսավորում է, մարզիկներն իրենց թոշակներն ստանում են, տարեվերջին, վստահ եմ, ծանրորդները նաև կպարգևատրվեն: Եվ չեմ կասկածում, որ ոչ միայն ծանրորդները, այլև մյուս մարզաձևերը դա գնահատում են և իրենց երախտագիտությունը հայտնում»:

Նմանատիպ նյութեր