211652_close_icon
views-count2397 դիտում article-date 17:44 14-12-2017

Երևանի հ. 160 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 160 սաների առջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինի հետ միասին ներկա է գտնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 160 մանկապարտեզի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Հիմնանորոգումից հետո շուրջ 50 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացել ավելի քան 160 սաների առջև: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ համատեղ ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում հիմնանորոգված մանկապարտեզում հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ կիրառվել են էներգաարդյունավետ լուծումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ հիմնանորոգումից հետո մանկապարտեզում զգալիորեն կկրճատվեն գազի ու էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերը: Շնորհիվ լիովին արդիականացված ու ջերմամեկուսացված տանիքի, նոր ջեռուցիչների, ինչպես նաև էներգաարդյունավետ լուսավորության համակարգի ներդրման, մանկապարտեզի լուսավորության ու ջեռուցման դիմաց վճարվող գումարները կկրճատվեն շուրջ 50 տոկոսով: Առիթն օգտագործելով` նախակրթարանի տնօրեն Սոնա Շամախյանը Երևանի քաղաքապետին է փոխանցել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն ու աշխատակիցների շնորհակալությունը՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ հետևողականորեն կյանքի կոչվող ծրագրերն ունենալու են շարունակություն և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր մանկապարտեզներում: Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր մեծ սիրով են միացել և միանում քաղաքապետարանի ծրագրերին և իրենց լուման են ներդնում Երևանն ավելի բարեկարգ, գեղեցիկ և հարմարավետ դարձնելու գործում: «Իսկապես ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում նախաձեռնված ծրագրերին մասնակցություն ունենալու ցանկություն են հայտնում նաև գործընկեր կառույցները՝ իրենց լուման ներդնելով Երևանի զարգացման գործում: Սա ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացված հերթական հաջողված ծրագրերից մեկն է, ինչը հերթական անգամ փաստում է, որ երկու կառույցների միջև հաստատված համագործակցությունն արդյունավետ է: Մեզ համար հատկապես ուրախալի է, որ այս անգամ համագործակցությունը մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի շրջանակում էր, քանզի գիտեք, որ վերջին տարիներին մեր կողմից առանձնակի են կարևորվում մեր կրթամշակութային ու հատկապես նախակրթարանների նորոգման, արդիականացման ու գույքի համալրման ծրագրերը: Առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում մենք հետևողական աշխատանքներ ենք տանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների պայմանների բարելավման ուղղությամբ: Վստահեցնում եմ, որ նախաձեռնված բոլոր այս ծրագրերը լինելու են շարունակական և մենք անելու ենք հնարավորը, որպեսզի առաջիկա հինգ տարիների ընթացքում Երևանում այլևս չվերանորոգված մանկապարտեզ չունենանք»,- ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ վերջերս Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ևս ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր, որի շրջանակում ծրագրի առաջին փուլով կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ներքո գործող ևս 40 մանկապարտեզներ, որտեղ նույնպես մեր փոքրիկների համար կապահովվեն այսպիսի հարմարավետ պայմաններ: ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինն էլ իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված համագործակցությունը՝ նկատել է, որ այն իսկապես հաջողված է ուր արդյունավետ: Դմիտրի Մարիյասինը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչն էլ հնարավորություն է տալիս ապահովելու համատեղ ծրագրերի շարունակականությունը: Հարկ է նշել, որ մանկապարտեզը գործում է վեց խմբով: 2000թ.-ից մանկապարտեզ հաճախում են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

Նմանատիպ նյութեր