211652_close_icon
views-count2638 դիտում article-date 23:30 13-12-2017

Տեղի է ունեցել Հայկազյան հայագիտական հանդեսի հերթական հատորի շնորհանդեսը

ՀՀ սփյուռքի նախարարության և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսը: Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Հայկազյան համալսարանը 2 տարի առաջ բոլորեց իր 60-ամյակը, և այդ տարիների ընթացքում կարողացել է Միջին Արևելքում գիտակրթական, դաստիարակչական գործունեություն իրականացնել: Նախարարության ստեղծման առաջին օրից Հայաստան-Սփյուռք կապերի, գործակցության վերաբերյալ առաջին դասախոսությունը կարդաց Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայդոսթյանը: Մենք տարիներ շարունակ համագործակցում ենք հայագիտության բնագավառում: Սփյուռքի նախարարության աշխատակիցներից մի քանիսը սովորել, վերապատրաստվել են Հայկազյան համալսարանում, և այդ ամիսների ուսումնառությունը բարերար ազդեցություն է գործել նրանց մասնագիտական գիտելիքների և գործունեության վրա»: Նախարարը կարևորեց սերտ համագործակցության արդյունքում Հայկազյան համալսարանում Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի ստեղծումը և շնորհակալություն հայտնեց համալսարանին, հայագիտական հանդեսի խմբագրակազմին լուրջ գիտական գործունեության, հայապահպան առաքելության, հայ երիտասարդներին Լիբանանում կրթելու, հայ ուսուցիչներ պատրաստելու համար: Այնուհետև ելույթ ունեցավ Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության Կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայդոսթյանը: «Նախարարությունը նախարարի և աշխատակիցների ջանքերով դարձավ ոչ միայն հարազատ տուն սփյուռքահայերիս համար, այլև աշխատանքի և գործակցության հարթակ: Նախ ուզում եմ շնորհավորել նախարարությանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և արդյունավետության համար: Վերջին տարիների Սփյուռքում արևելահայերենով և արևմտահայերենով գրողների, հետազոտողների թիվը նվազել է: Հաճախ են մեզ ասում, որ գուրգուրենք այն ամենն, ինչ ունենք, որովհետև կարող ենք շատ հեշտությամբ կորցնել: Սակայն հայագիտական հանդեսի ուղերձներից մեկն էլ այն է, որ ոչ միայն գուրգուրենք մեր ունեցածը, այլև չնահանջենք մեր մասնագիտական գործունեության մեջ»: ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը շեշտեց, որ Հայկազյան հայագիտական հանդեսի ստվարածավալ այս հատորը ոչ միայն գիտական նշանակություն ունի, այլև հայապահպան մեծ առաքելություն: Յուրի Սուվարյանը կարևորեց նաև Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայկազյան համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր ելույթում նշեց. «Կարևոր միջոցառում է այսօր և շատ խորհրդանշական, որովհետև հանդեսն այն քիչ հրատարակություններից է հայագիտության ոլորտում, որ ցույց է տալիս Հայաստանի և Սփյուռքի հայագետների միասնությունը: Գողտրիկ մի համալսարան է Հայկազյան համալսարանը, ով եղել է այնտեղ, ունեցել է այն զգացումը, որ համալսարանը Սփյուռքում և՛ ոգով, և՛ գործունեությամբ բացառիկ երևույթ է գիտական, կրթական կյանքում: Հայկազյան համալսարանը շարունակում է գտնվել իր բարձրության վրա, և այս ժողովածուն դրա վառ ապացույցն է: Հիշեք, որ Երևանի պետական համալսարանը ձեր կողքին է»: ԵՊՀ ռեկտորը ցավով ընդգծեց, որ հայագիտական հետազոտությունների բնագավառում մենք տեսնում ենք որոշակի հետընթաց, և հակահայագիտական քարոզչության ծավալները գնալով մեծանում են: Ըստ Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն, հանդեսի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանի՝ հանդեսի հիմնադիրներն առաջին իսկ օրից ցանկացել են Հայաստանի և Սփյուռքի միջև հայագիտական կամուրջ ստեղծել, և այն այսօր էլ իր երթի մեջ մնում է հաստատակամ: ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը իր ելույթում նշեց, որ հատորի էջերում տեղ են գտնում նաև մեր ժամանակների ազգային կարևոր իրադարձությունները, և այս հրատարակությունը ձգտում է հայ գիտական կյանքի միասնության: «Հանդեսի այս համարում տեղ է գտել նաև նախարար Հրանուշ Հակոբյանի «Հայ ինքնության հիմնահարցեր» հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է հայ ինքնության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին: Ելույթներ ունեցան նաև Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայաստանում Հայկազյան հայագիտական հանդեսի ներկայացուցիչ Արծվի Բախչինյանը, «Վէմ» համահայկական հանդեսի գլխավոր խմբագիր Գևորգ Խուդինյանը, «Ձայն Համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը: Ներկաներին ողջունեց Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը: Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար համախումբը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: ---------------------------------------------------------------------

Նմանատիպ նյութեր