211652_close_icon
views-count2938 դիտում article-date 22:40 07-12-2017

Առաջիկայում իրականացվող ներդրումային մի շարք ծրագրերով կստեղծվի մոտ 2000 նոր աշխատատեղ

Կառավարությունը հավանություն է տվել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ. ներդրումային ծրագրին, որի նպատակն է բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ վերականգնելով առկա և ստեղծելով նոր համապատասխան ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ, հյուրանոց և այլն։ Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և 400-ից ավելի աշխատատեղի ստեղծում։ Ծրագրով նախատեսված է ապահովել Գորիս և շրջակա համայնքներ այցելող զբոսաշրջիկների թվի աճ՝ հասցնելով տարեկան մոտ 400,000 -ի։ Արդեն իսկ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայտնի Garaventa AG, «KSIL», Ibis, Novotel և մի շարք գերմանական կլինիկաների հետ։ Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ կոօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 85 աշխատատեղ՝ 195 000 - 205 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 10 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 100 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 9,7 մլրդ ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։ Երևանում կկառուցվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն Կառավարությունն ընդունել է «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և պետական գույքն օտարելու մասին» որոշում: Որոշմամբ նախատեսվում է Նորք Մարաշում գտնվող համապատասխան գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին: Պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում բիզնես կենտրոնը հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կիրականացնի 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում՝ բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն կառուցելու նպատակով և կստեղծի 1000 աշխատատեղ: Այս ընկերությունները մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և վերջիններիս ստեղծած համակարգչային ծրագրերը մեծ ճանաչում ունեն ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Երևանը կունենա նոր, համաշխարհային ստանդարտներին համապատասխան բիզնես կենտրոն: Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի համապատասխան հասցեում գտնվող շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին: Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր՝ ստեղծելով կոշիկի և հագուստի արտադրություն: Այդ նպատակով «Դամալա Գրուպ»-ը կիրականացվի շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով 350-450 աշխատատեղ:

Նմանատիպ նյութեր