211652_close_icon
views-count6470 դիտում article-date 13:33 05-12-2017

ՀՀ մարզերը ներկայացնող 18 գործարար մասնակցել է «Մարքեթինգ և վաճառք հյուրատների համար» խորագրով դասընթացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վայոց Ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերը ներկայացնող 18 գործարար դեկտեմբերի 1-2-ը մասնակցեց «Մարքեթինգ և վաճառք հյուրատների համար» խորագրով դասընթացին: Այն կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և նրա գործընկերներ` «Ի-վի քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Երկօրյա դասընթացը վարում էր հյուրատնային և հյուրընկալող բիզնեսում տարիների փորձ ունեցող խորհրդատու Դիանա Ավետյանը: Դասընթացի առաջին օրվա ընթացքում մասնավոր փոքր հյուրատների տնօրենները և սեփականատերերը լսեցին, թե ինչ պետք է անել իրենց շուկան և առնչվող ծառայություններն ավելի լավ ճանաչելու համար, ինչպես տարբերվել տեղական և գլոբալ մրցակիցներից, ինչպես ապահովել առցանց ներկայություն՝ սեփական վեբկայքի և սոցցանցերում բացված էջերի միջոցով: Մասնակիցները նաև ծանոթացան հյուրերի համար «Տան կանոնակարգ» սահմանելու քայլերին: Դասընթացի երկրորդ օրվա ընթացքում հյուրատների ղեկավարները տեղեկացան ոլորտի համակարգերի և չափորոշիչների, ինչպես նաև հյուրերի սպասարկման յուրահատկությունների մասին: Միջոցառման վերջում հյուրատների ներկայացուցիչները ծանոթացան քայլերին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել, եթե իրենց հյուրատունը գտնվում է հիմնական զբոսաշրջային երթուղիներից հեռու: Դիանա Ավետյանը կարևորեց, որ պետք է հետևել ոլորտի և ընդհանուր շուկայի զարգացման միտումներին և յուրաքանչյուր հաճախորդին առաջարկել նրա կարիքները բավարարող ծառայություններ: Փորձագետը նաև շեշտեց, որ մասնակիցներն ուշադրություն դարձնեն հատկապես թվային դարաշրջանում հաճախորդների նախասիրությունների փոփոխություններին: «Ի-վի քոնսալթինգի» ծրագրերի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում սա հերթական դասընթացն էր ծրագրի շահառուների համար: «USAID/PRP ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր շահառուների համար նոր շուկաների հասանելիությունն ապահովելը և նրանց մարքեթինգային աջակցություն տրամադրելն է: Այդ առումով մարքեթինգային հմտություններ գիտելիք տրամադրող դասընթացները կարևոր նշանակություն ունեն»,- ասաց Հովհաննիսյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիային, որն աջակցել է դասընթացի կազմակերպմանը: «Մեր հյուրատներից շատերը կարիք ունեն նման դասընթացների, որոնց շնորհիվ գործարարները կկարողանան ավելի շատ հաճախորդ ներգրավել և զարգացնել իրենց ծառայությունները»,- շեշտեց ասոցիացիայի նախագահ, դասընթացի մասնակից Օֆելյա Պետրոսյանը: Մարքեթինգի և շուկայում շահառուների առաջ մղման միջոցառումներն իրականացվում են «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի բաղադրիչներից մեկի շրջանակում: Ծրագրի մյուս բաղադրիչներն են ընտրված համայնքներում տեղական տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների զարգացումը և բնության պահպանությունը: # # # 2013 թ. օգոստոսից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD): USAID/PRP ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր