211652_close_icon
views-count2200 դիտում article-date 18:16 04-12-2017

Հիմնադրվել է «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 3-ին պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) ստորագրեցին համագործակցության հռչակագիր՝ այդպիսով հիմնադրելով «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը: Ցանցի նպատակն է խթանել Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի զարգացումը՝ օգտագործելով ՔՀԿ-ների ներուժը: «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում: «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին արդեն իսկ միացել է պրոբացիայի ինստիտուտի զարգացմանն ուղղված գործունեություն ծավալող 11 հասարակական կազմակերպություն։ Նշենք, որ ցանցի ստեղծման նպատակով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ կազմակերպվել էր «Պրոբացիայի պետական ծառայության և հասարակական կազմակերպությունների համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա աշխատաժողով։ Աշխատաժողովին ներկա Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը նշեց, որ քաղհասարակության կազմակերպությունների դերը պրոբացիայի ինստիտուտի կայացման հարցում մեծ է: «Չպետք է միայն պատժող կառույց լինել, պետք է անձին ինտեգրենք հասարակությունում»,- հավելեց Արսեն Նավասարդյանը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը կարևորեց պրոբացիայի շահառուերի համար վերականգնողական ծրագրերում ՔՀԿ-ների ներգրավումը: «Պրոբացիայի շահառուների համար մեր կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստման դասընթացները ցույց տվեցին, որ պրոբացիայի շահառուներին օգնում է ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելը, այլև այն միջավայրը, որում նրանք հայտնվում են, շփվում այլ անձանց հետ»,- նշեց Արտակ Կիրակոսյանը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման համար ցանցի հիմնադիրներին տրամադրվել է անվճար փորձագիտական, այդ թվում նաև իրավաբանական խորհրդատվություն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսոթյան հաձնառություն» ծրագրի շրջանակում: Կարեն Զադոյանը, կարևորելով ՔՀԿ-ների ցանցերի ստեղծումն ու դրանց գործունեությունը, օրինակ բերեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որի գործունեության շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում քրեականացնել ապօրինի հարստացումը, ներդնել ազդարարների պաշտպանության համակարգը, ունենալ անկախ հակակոռուպցիոն մարմին և այլն: «Մենք աշխատում էինք այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ 6-7 տարի է, բայց առարկայական արդյունքի չէինք հասնում: Հասկացանք, որ այդ խնդիրները պետք է միասնական ձևով բարձրաձայնենք: Եվ միայն այդ դեպքում շոշափելի արդյունքներ ունեցանք»,-ասաց Կարեն Զադոյանը: Նշենք, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման հռչակագրին կարող են միանալ այն բոլոր ՔՀԿ-ները, որոնք շահագրգռված են պրոբացիայի ինստիտուտի զարգացմամբ: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ Հիմք ընդունելով և հաշվի առնելով • պրոբացիայի վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերը, այդ թվում Միավորված ազգերի կազմակերպության «Ազատազրկման հետ չկապված միջոցների վերաբերյալ նվազագույն ստանդարտ կանոններ»-ը, Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Նախարարների կոմիտեի՝ «Պրոբացիայի մասին Եվրոպայի խորհրդի կանոնների վերաբերյալ» CM/Rec(2010)1 հանձնարարականը, Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին ուղղված՝ Նախարարների կոմիտեի` «Այլընտրանքային պատիժների և միջոցների մասին եվրոպական կանոնների վերաբերյալ» N R (92) 16 հանձնարարականին կից առաջարկությունները, • պրոբացիայի միջազգային հաջողված փորձը, • ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը, • Սոցիալական համագործակցության ցանցերի ստեղծման թիվ 1044 ՀՀ կառավարության որոշումը, մտահոգված լինելով մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում վերականգնողական արդարադատության ներկա վիճակով, կարևորելով վերականգնողական արդարադատության արդյունավետության ապահովմանը ուղղված կառուցակարգերի ներդրման առաջնահերթությունը, վստահ լինելով, որ պրոբացիայի բարեփոխումների իրականացման գործում լուրջ արդյունքներ կարելի է գրանցել միայն հասարակության գործուն ներգրավմամբ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և կառավարության միջև իրական գործընկերության ձևավորմամբ ու զարգացմամբ, համարելով պրոբացիայի ներդրումն առաջիկա տարիների ռազմավարական նշանակության հիմնահարց ունենալով ակտիվ մասնակցություն պրոբացիային աջակցելու գործում, սույն հռչակագրի մասնակից ՔՀԿ-ներն ազդարարում են պրոբացիային աջակցելու գործում համատեղ գործունեության և գործընկերության մասին՝ հռչակելով «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրումը: «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի նպատակներն են. - Ամրապնդել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները և խթանել անցումը վերականգնողական արդարադատությանը։ - Նպաստել Հայաստանում պրոբացիայի ոլորտի բարեփոխումների իրականացմանը՝ անհրաժեշտ աջակցության ցուցաբերման, հանրային վերահսկողության իրականացման, ՔՀԿ-ների ներուժի համախմբման և կարողությունների զարգացման միջոցով։ - Աջակցել ՀՀ կառավարությանը խնդիրների վերհանման հարցում, կատարել հետազոտություններ, ներկայացնել գործուն առաջարկություններ և տրամադրել տեխնիկական աջակցություն ցանցի գործունեության ոլորտներում, ինչպես նաև աջակցել Պրոբացիայի պետական ծառայությանը վերականգնողական ծրագրերի իրականացման հարցում: - Նպաստել Հայաստանում համայնքահեն արդարադատության, հանցագործությունների կանխարգելման և վերականգնողական արդարադատության գաղափարների զարգացման քաղաքականությունների մշակմանը՝ ՀՀ կառավարության և տեղական ՔՀԿ-ների միջև տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման և խորհրդատվության միջոցով: - Ամրապնդել հավաքական ջանքերը՝ համակարգելով ծրագրերի, հետազոտությունների, հրապարակումների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակումը և համագործակցությունն անդամ-կազմակերպությունների միջև: «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի գործունեության ուղղություններն են. - Համատեղել կարողությունները և ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնողական արդարադատության զարգացման ոլորտներում՝ նպատակ ունենալով համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հասնել օրենսդրական բարեփոխումների և հանրային վերահսկողության իրականացմանը, ոլորտային ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացմանը և համախմբմանը, ինչպես նաև քաղաքացիների իրավական իրազեկվածության բարձրացմանը: - Խթանել առավել առողջ և առավել անվտանգ հասարակության և համայնքների ձևավորումը՝ ռազմավարական ու մարդու իրավունքների վրա հիմնված ծրագրերի ու նախաձեռնությունների ներդրման միջոցով, որոնք նպատակ ունեն նվազեցնել և կանխել իրավախախտումները, աջակցել միջազգային նորմերի և չափանիշների կիրառմանը և դյուրացնել անցումը վերականգնողական արդարադատությանը: - Խրախուսել տեղական և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը հանցագործությունների կանխարգելման, իրավախախտների վերասոցիալականացման և վերականգնման ծրագրերում: «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ոչ ֆորմալ կառույց է, որն իր աշխատանքները կազմակերպելու է անդամ կազմակերպությունների հիմնադիր համաժողովի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն։ Համաժողովը պետք է գումարվի մինչև 2018թ.-ի ապրիլի 30-ը: Սույն Հռչակագիրն ի պահ է հանձնվում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ին: Հռչակագիրը բաց է ՔՀԿ-ների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր