6923 դիտում
19:58 02-12-2017
«Ուղեղային գրոհ» և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայի վերաբերյալ քննարկումներ Ծաղկաձորում
2016-ի տվյալներով՝ աշխարհում ապրում է ՄԻԱՎ վարակով 36,7 միլիոն հիվանդ: Ծաղկաձորում դեկտեմբերի 2-ին մեկնարկած՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով լրագրողների համար սեմինար-վարժանքի ընթացքում անցկացվեց «ուղեղային գրոհ», անդրադարձ կատարվեց ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիներին և կանխարգելման խնդիրներին: Սեմինարը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ)։
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը տեղեկացրեց, որ մեր տարածաշրջանում՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ապրում է ՄԻԱՎ վարակով մինչև 1,6 միլիոն պացիենտ:
ՄԻԱՎ վարակի տարածումն ամենամեծը ՌԴ-ում է և Ուկրաինայում: ՄԻԱՎ վարակով ամենաշատ պացիենտներ ապրում են Աֆրիկայում:
Խոսելով վարակի փոխանցման ուղիների մասին՝ մասնագետն ասաց. «Գոյություն ունի փոխանցման երեք ճանապարհ՝ սեռական ճանապարհ, արյուն և մորից երեխային: Պետք է լինի բավարար քանակով տեսանելի արյուն՝0,1 միլիլիտր և ավելի: Վարակը փոխանցվում է արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների և մայրական կաթի միջոցով»:
Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է ՀՀ-ում լուծվում անապահով խավի՝ ՄԻԱՎ վարակով պացիենտների բուժման հարցը, պարոն Արզաքանյանը պատասխանեց. «Պետությունն ապահովում է անվճար բուժօգնություն ՄԻԱՎ վարակի դեպքում: Բուժում ասելով՝ հասկանում ենք հակառետրովիրուսային դեղորայքի տրամադրում:
Հիվանդը կանգնում է դիսպանսերային հսկողության՝ սկսած հետազոտությունից մինչև բուժում: Ամեն ինչ անվճար է: Այս հիվանդության դեպքում կարևոր է ամենօրյա ռեժիմով դեղորայքային ընդունումը»:
Հանրային ռադիոյի լրագրող Անի Մինասյանը, կարևորելով այսպիսի ձևաչափով լրագրողների հետ հանդիպումները, նշեց. «Լրագրողները հասարակության մեջ ամենակարևոր օղակներից են և հենց նրանց միջոցով է հասարակական կարծիք ձևավորվում, շատ բան դառնում հավաստի հասարակության մնացած հատվածի համար:
Ուստի նրանք ամենաթիրախային խմբում են և ամենակրթվածը պիտի լինեն ինֆորմացիայի տիրապետման և տարածման հարցում: Նման ծրագրերի կազմակերպումն առաջին հերթին կրթում է լրագրողներին, որ կարողանան ավելի լայն լսարանին հասցնել տեղեկատվությունը հատկապես գրագետ կերպով, քանի որ շատ հաճախ խնդիրը չի լուծում կամ հակառակը, գնում է դեպի բարդացում հենց լրագրողների սխալ ներկայացման պատճառով»:
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
21:38 19-05-2014
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի շրջանակներում Մոսկվայում կայացել է երկկողմ հանդիպում