211652_close_icon
views-count5241 դիտում article-date 22:50 27-11-2017

Աշխատանքային այցով Մանգիստաուի մարզում գտնվող Ղազախստանում ՀՀ դեսպանն հանդիպում է ունեցել մարզի նահանգապետի հետ

Նոյեմբերի 24-25-ը Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանն աշխատանքային այցով գտնվում էր Մանգիստաուի մարզում, որտեղ հանդիպում ունեցավ մարզի ակիմ (նահանգապետ) Երալի Տուգժանովի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հայ-ղազախական առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման, փոխադարձ ներդրումների խրախուսման, ինչպես նաև հայ համայնքին առնչվող հարցեր: Այնուհետև, դեսպան Սահակյանը նոյեմբերի 25-ին մասնակցեց մարզկենտրոն Ակտաու (նախկին Շևչենկո) քաղաքի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Մանգիստաուի մարզի «Եղբայրություն» հայկական մշակութային միության և տեղական իշխանությունների նախաձեռնությամբ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, Ակտաուի փոխքաղաքապետ Մասկատ Իսկակովը և այլք: Դեսպան Սահակյանն իր ելույթում ընդգծեց Ռուբեն Գրիգորյանի անուրանալի վաստակը քաղաքի և նրա առաջին ռազմաարդյունբերական ձեռնարկությունների կառուցման գործում, ինչպես նաև պատվոգրեր հանձնեց Ռուբեն Գրիգորյանի անվան հուշամրցաշարի (շախմատ, վոլեյբոլ, բազկամարտ, թեքվանդո) հաղթողներին: Այնուհետև, դեսպանն ու փոխքաղաքապետը բացեցին Ռուբեն Գրիգորյանին նվիրված հուշատախտակը, ապա ծաղկեպսակներ զետեղեցին քաղաքի կենտրոնում գտնվող նրա բրոնզաձույլ կիսանդրու առջև: Դրան հաջորդած մշակութային միջոցառման ընթացքում ազգային երգերի ու պարերի կատարմամբ հանդես եկան մշակույթի պալատի ինքնագործ խումբը և տեղի «Նուռ» հայկական համույթը: Ռուբեն Գրիգորյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղի լրատվամիջոցներով։ Դեսպան Սահակյանը հանդես եկավ տեղի հեռուստատեսությամբ։ Տեղեկանք․ Ռուբեն Գրիգորյանը (1917-1976 թթ․) եղել է Ակտաու քաղաքի հիմնադիրը, Մերձկասպյան լեռնամետալուրգիական կոմբինատի տնօրեն, սոցիալիստական աշխատանքի հերոս, լենինյան և պետական (կրկնակի) մրցանակների դափնեկիր, պետական գործիչ և արտադրության խոշոր կազմակերպիչ։

Նմանատիպ նյութեր