Մեր ծրագրած բարեփոխումները կիրականացնենք արագ տեմպերով և Արևմուտքի աջակցությամբ. Գագիկ Մինասյան
«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս մեր պլանավորած բարեփոխումներն իրականացնել շատ ավելի ինտենսիվ և արագ տեմպերով՝ օգտվելով նաև մեր Արևմտյան գործընկերների օժանդակությունից»,- այսօր ասուլիսում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն, անդրադառնալով երեկ Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Պատգամավորը կարևորեց ևս երկու համաձայնագրերի՝ Եվրոպական տրանսպորտային ցանցին միանալու և ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրերի նախաստորագրումը։
Գագիկ Մինասյանը ընդգծեց, որ համաձայնագրում Արցախի հակամարտությանը վերաբերող հատվածում կողմերը հայտարարել են, որ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, և Արցախի խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան ակտերի երեք հիմնարար դրույթների կիրառմամբ՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։
Պատգամավորը նկատեց, որ համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ 24 անդամ երկրների կողմից, հետևաբար, այս տեսակետը կիսելու են նաև 24 երկրներ։