211652_close_icon
views-count5561 դիտում article-date 11:13 25-11-2017

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը փրկօղակ չէ, այլ հնարավորություն, որից կարող ենք օգտվել. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ Բրյուսերում աշխարհը շուռ չեկավ, ոչ էլ Հայաստանի առջև միանգամից ինչ-որ պայծառ հեռանկարներ բացվեցին: Չեմ կիսում էյֆորիկ տրամադրությունները, ինչպես նաև մեր իշխանություններին փառաբանող գնահատականները՝ կարելի էր 4 տարի իզուր չկորցնել: Մյուս կողմից էլ՝ ընդդիմադիրների կեցվածքում առանձին տրամաբանություն չեմ տեսնում. սկզբում նրանք ասում էին, որ համաձայնագիրը չի ստորագրվի, որ Մոսկվան վերջին պահին կստիպի հետ կանգնել դրանից, իսկ երբ համաձայնագիրը երեկ ստորագրվեց, սկսեցին խոսել, թե այն բացարձակապես անկարևոր, խորհրդանշական թուղթ է, որը ոչ մի նշանակություն չունի՝ միևնույն է, ամեն ինչ վատ է լինելու: Մի խումբ էլ կա, որը սկզբունքորեն դեմ է ԵՄ-ի հետ համագործակցությանը, որովհետև համոզված է, որ Եվրոպան «փչացած է», իսկ ահա Ռուսաստանը մաքրության մարմնավորում է: Այս խմբի դիրքորոշման մեջ, համենայնդեպս, կա հետևողականություն: Այդ բոլոր քաղաքական խաղերի մեջ ինձ հետաքրքրում են ոչ թե այսրոպեական կսմիթներն ու խայթոցները, այլ արժեքներն ու գաղափարները, որոնք ընկած են փաստաթղթի հիմքում: Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ փրկօղակ է, ոչ էլ համադարման, դա հնարավորություն է, որից մենք կարող ենք օգտվել: Ես կողմ եմ, որ ընտանիքներում չլինի բռնություն, որ չլինի խտրականություն մարդկանց սեռի, ազգության, մաշկի գույնի, քաղաքական հայացքների, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման հիմքի վրա, որ դատարանները և լրատվամիջոցները չենթարկվեն իշխանության ճնշումներին, որ բոլոր գործարարների համար ստեղծվեն աշխատելու հավասար պայմաններ՝ դա մի համալիր է, մի ամբողջական գաղափարախոսություն, որի տարրերը փոխկապակցված են միմյանց հետ: Կարո՞ղ է Եվրամիությունը նպաստել այդ նպատակների իրագործմանը: Ինձ թվում է՝ այո, կարող է, բայց մի պայմանով՝ եթե մեր հասարակության մեծ մասն իսկապես ուզում է դա: Ճիշտն ասած, ես որոշ կասկածներ ունեմ: Բոլոր դեպքերում, ոչ ոք մեզ չի կարող ստիպել, որ մենք հանդուրժող և լայնախոհ դառնանք, եթե մեր ցանկությունն է` սահմանափակ, նախապաշարված և կաղապարված լինելը: Այնպես որ, հիմնական աշխատանքը, որը պետք է արվի, մեր հասարակության հետ է, և նրանք, ովքեր դավանում են այդ գաղափարները, չպիտի վախենան, չպիտի ընկրկեն, երբ քարե դարի պատկերացումներ ունեցողները իրենց ուղղությամբ քարեր են շպրտում: Կարևորը համաձայնագիրը չէ, կարևորն այն քայլերն են, որոնք մեր հասարակությունը պետք է անի արդիականացման ուղղությամբ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր