2018-ի ապրիլի 9-16-ին մեկ շաբաթով իշխանության միանձնյա ղեկավարը կլինի Կարեն Կարապետյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավում ոչ ոք չգիտի, թե եկող տարվա ապրիլի 9-ից հետո, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կավարտվի, անցում կարվի խորհրդարանական կառավարմանը, և նախագահի լիազորությունների գերակշռող մասը կանցնի վարչապետին, ով կզբաղեցնի այդ պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներկայումս շրջանառության մեջ են դրվել ուժային կառույցների օրենսդրության մեջ փոփոխությունների նախագծերը, որոնցով այդ գերատեսչությունների բարձրագույն ղեկավարության նշանակման իրավունքը պետք է անցնի ՀՀ վարչապետին:
Համապատասխան օրենքները նախատեսվում է կիրառության մեջ դնել եկող տարվա ապրիլի 9-ից, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կավարտվի, և իր լիազորությունները կստանձնի ՀՀ ԱԺ կողմից ընտրված նախագահը, որը գործադիր իշխանության վրա ազդելու լծակներից զրկված կլինի:
Այսինքն՝ փաստացի, 2018 թվականի ապրիլի 9-ից 16-ը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան լինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չնայած մեխանիկորեն պաշտոնանկ է լինելու, բայց մինչև նոր վարչապետի ընտրությունը շարունակելու է պաշտոնավարել:
Իսկ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն յոթօրյա ժամկետում վարչապետի՝ իրենց թեկնածուն առաջադրել: Ասել կուզի՝ նշված մեկ շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանը լինելու է իշխանության միանձնյա ղեկավարը և կարող է փոխել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին և մնացած ղեկավար կազմին, ու այսպես շարունակ՝ փաստացի հեղաշրջում իրականացնելով երկրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]