4160 դիտում
19:53 23-11-2017
Երևանում առաջին անգամ անց է կացվում Գինու միջազգային համաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գինու միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառումն անց է կացվում «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ասիական զարգացման բանկի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ:
Երկօրյա համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը գինեգործության ու խաղողագործության ոլորտում, նպաստել ոլորտի մասնագետների միջև փորձի և գիտելիքների փոխանակմանը: Համաժողովը միտված է նպաստել հայկական գինեգործական ավանդույթների և նրա մշակութային ժառանգության վերածննդին, հնագույն արժեքների պահպանմանը, տեխնոլոգիաների լայն տարածմանը, ինչպես նաև գինու միջազգային ստանդարտների հաստատմանը Հայաստանում:
«Համոզված եմ, որ հայ գինեգործների համար այս համաժողովը հետաքրքիր հարթակ կդառնա ոլորտի ապագա զարգացման հարցերը քննարկելու և միջազգային փորձին ծանոթանալու համար: Հուսով եմ նաև, որ հյուրերը հաճույքով կծանոթանան ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող գինու երկրին», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում:
Նախարարի խոսքով` համաժողովի ընթացքում կկազմակերպվեն 4 կլոր սեղաններ, որի ընթացքում կքննարկվեն խաղողի ֆիլոքսերակայուն տեսակների մշակմանը, խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանմանը, խաղողագործության ռեեստրի ստեղծմանը, աշխարհագրական նշումներով գինիների արտադրությանը և խաղողագործության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:
Անդրադառնալով ընթացիկ տարում խաղողի արտադրության ծավալներին` նախարարը նշել է, որ չնայած ընդհանուր առմամբ տարին չորային էր, սակայն թե' խաղողի բերքատվության, թե' մթերման տեսանկյունից գրանցվել է դրական աճ:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն իր հերթին նշել է, որ համաժողովի հիմնական նպատակն է միջազգային լավագույն փորձագետների հետ համատեղ վեր հանել խաղողագործության և գինեգործության ոլորտներում առկա խնդիրները և քննարկել դրանց հնարավոր լուծման ուղիները:
Հիմնադրամի գործադիր տնօրենը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կայացել է «PrօWine China 2017» ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել են գինեգործական և կոնյակագործական 13 հայաստանյան ընկերություններ:
«Ցուցահանդեսի ընթացքում հայկական միասնական տաղավարն ունեցավ 300-ից ավել այցելու, և մենք համոզվեցինք, որ չինական շուկայում կա մեծ հետաքրքրություն հայկական արտադրանքի նկատմամբ», - հավելել է Զարուհի Մուրադյանը:
Հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում Զարուհի Մուրադյանը մատնանշել է Բորդոյի գինու թանգարանի (La Cité du Vin) hետ համագործակցության հուշագրի ստորագրումը, որի շրջանակում 2018 թվականի գարնանն այնտեղ կկազմակերպվեն հայկական գինու օրեր` Հայաստանի գինեգործության պատմությունը և կիրառվող տեխնոլոգիաները ներկայացնելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
14253 դիտում
18:26 17-11-2019
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում անց են կացվում հոգևոր դասեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3576 դիտում
15:28 17-03-2016
ԼՂՀ ՊԲ մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ
4041 դիտում
19:45 23-03-2017
Ստեփանակերտում անց է կացվում «Ծէր շենը տիր քարտեզին յիրան» խորագրով վերապատրաստման դասընթացներ
Այս բաժնից
1489 դիտում
23:21 05-02-2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի՝ մայրաքաղաքը սպասարկող «ԳԱԶելների» վերաբերյալ պնդմանը