4655 դիտում
14:28 22-11-2017
Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան 22 հազար փախստական՝ դառնալով սիրիացի փախստականներ ընդունած 3-րդ պետությունը Եվրոպայում. Էդվարդ Նալբանդյան
[b]ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով.[/b]
Տիկնա՛յք և կարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն եմ հայտնում ԵԱՀԿ ավստրիական նախագահությանը և ԺՀՄԻԳ-ին՝ Հայաստանի հետ համագործակցությամբ այս միջոցառումը կազմակերպելու համար:
Համաժողովի խորագիրը և արծարծվող խնդիրն արդիական են և լավ ընտրված՝ լայն հնարավորություն ընձեռելով քննարկելու քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչների առջև ծառացած մարտահրավերները:
Հայաստանի համար այս համաժողովի կարևորությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
Առաջինը. պատմականորեն գտնվելով տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում՝ Հայաստանը ձևավորել է համակեցության և այլ մշակույթների ու կրոնների նկատմամբ հարգանքի խորը արմատներ ունեցող ավանդույթներ: Լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր՝ հայերը կանգնած են քրիստոնեական քաղաքակրթության ձևավորման ակունքներում: Մենք մշտապես ամուր կապեր ենք ունեցել մուսուլմանական և այլ ժողովուրդների ու երկրների հետ: Որպես աշխարհի հարյուրավոր երկրներում համայնքներ ունեցող ժողովուրդ՝ հայերն անմիջականորեն գիտեն ինչպես հանդուրժողականության արժեքը, այնպես էլ խտրականությամբ ու այլատյացությամբ պայմանավորված խնդիրները: Այս համաժողովի անցկացումը Երևանում հնարավորություն է ընձեռում ներկայացնելու մեր ժողովրդի փորձառությունը։
Երկրորդ, սեփական հայրենիքում օտար տիրապետության տակ պատմականորեն ենթարկվելով հալածանքների՝ ներառյալ կրոնական հողի վրա, ինքնիշխան պետությունների ընտանիքին միանալուց հետո հայերը չէին կարող աչք փակել նրանց տառապանքների վրա, ովքեր շարունակում են ենթարկվել կրոնական խտրականության և ատելության հանցագործությունների թիրախ հանդիսանալ:
Մենք ակտիվորեն նպաստում ենք միջազգային ջանքերին՝ ուղղված ինքնությամբ պայմանավորված խտրականության և բռնության կանխարգելմանը: Այս առումով մեր ձեռնարկված վերջին նախաձեռնություններից էին 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են:
Ատելության քարոզին, անհանդուրժողականությանը և այլատյացությանը դիմագրավելը Եվրոպայի խորհրդում Հայաստանի 2013թ.-ի նախագահության հիմնական առաջնահերթություններից էին: Այն ժամանակ երբ գլուխ էին բարձրացնում ԴԱԵՇ-ը և այլ ահաբեկչական խմբավորումները՝ Հայաստանը ՄԱԿ և ԵԱՀԿ առաջին երկրներից էր, որ բարձրացրեց կրոնական և էթնիկ խմբերի պաշտպանության խնդիրը և հետևողաբար հանդես եկավ այս առնչությամբ միջազգային պարտավորություններն ամրապնդելու օգտին:
Երրորդ, Հայաստանում այս համաժողովի հյուրընկալումը հերթական քայլն է վտանգի տակ գտնվող կրոնական խմբերի խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված մեր ջանքերում: Հիշատակեմ 2015թ. և 2017թ. Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած բարձր մակարդակի երկու միջոցառումներ՝ «Աջակցություն քրիստոնյաների իրավունքներին, մասնավորապես, Մերձավոր Արևելքում» և «Փոխադարձ հարգանքը և խաղաղ համակեցությունը՝ որպես միջկրոնական խաղաղության և կայունության պայման. աջակցելով քրիստոնյաներին և այլ համայնքներին», որոնք կազմակերպվել էին Հայաստանի, Ռուսաստանի, Սուրբ Աթոռի և Լիբանանի կողմից՝ այլ գործընկեր երկրների հետ համատեղ:
Մենք նաև աջակցել ենք նախաձեռնություններին՝ ուղղված Մերձավոր Արևելքում կրոնական և էթնիկ խմբերի պաշտպանության խնդրի բարձրաձայնմանը: Հայաստանն իր ներդրումն է ունեցել 2015թ. Փարիզում կայացած Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական բռնությունների զոհերին նվիրված միջազգային համաժողովին, ինչպես նաև այս տարվա հունիսին Մադրիդում կայացած էթնիկ և կրոնական բռնության զոհերին նվիրված համաժողովին:
Հայաստանի ուշադրության կենտրոնում է եղել նաև Մերձավոր Արևելքի խոցելի խմբերի փախստականների և գաղթականների իրավիճակը, որը բարձրաձայնվել է վերջերս կայացած այնպիսի միջազգային միջոցառումների ընթացքում, ինչպիսիք էին 2016թ. ՄԱԿ՝ փախստականների և միգրանտների լայնածավալ տեղաշարժերի հիմնախնդիրներին նվիրված գագաթաժողովը, 2016թ. Փախստականների հարցերով Առաջնորդների գագաթաժողովը, ԵԱՀԿ 2017թ. համաժողովը՝ նվիրված Միջերկրածովյան տարածաշրջանում փախստականների և միգրանտների լայնածավալ հոսքերին:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Անկասկած, իմ կողմից հիշատակված և շատ այլ համաժողովներ ու քննարկումներ, որոնց Հայաստանն ակտիվ ներդրում է ունեցել, մեծ կարևորություն ունեն: Դրանց նպատակն է ձևավորել և բարելավել գործող մեխանիզմները և մեզ առավել մոտեցնել մեր պարտավորությունների իրականացմանը: ԵԱՀԿ շրջանակներում մենք մշակել ենք պարտավորությունների լայն շրջանակ՝ պայքարելու ռասիզմի, այլատյացության, խտրականության, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության դեմ, ներառյալ՝ քրիստոնյաների, հրեաների, մահմեդականների և այլ կրոնական խմբերի նկատմամբ, կանխարգելելու ատելությամբ պայմանավորված հանձագործությունները ու համապատասխան արձագանքելու դրանց: Մասնակից երկրները համակարծիք են, որ այս հանձնառությունների կատարումը վճռորոշ նշանակություն ունի խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման համար: Հետևաբար, ժամանակն է ապահովելու, որ ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու փորձը արդյունքվետ կերպով ծառայեն մասնակից երկրներին` քրիստոնյաներին և այլ կրոնների ներկայացուցիչներին պաշտպանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու գործում:
Այս առնչությամբ կցանկանայի մեկ օրինակ բերել: 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովին հաստատված Կրակովյան փաստաթուղթը սահմանում է, որ «մասնակից երկրները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն այն կրոնական հուշարձաններին, որոնք ստեղծած համայնքներն այլևս դրանք չեն օգտագործում կամ այլևս գոյություն չունեն տվյալ տարածքում»: Բազմաթիվ հայկական եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները, որոնք ավերվել, ոչնչացվել, բռնագրավվել և յուրացվել են 1990-2000-ականներին այն վայրերում, որտեղից արտաքսվել էր բնիկ հայ բնակչությունը, հանձնառությունների և դրանց իրականացման միջև առկա խորը ճեղքի վառ հիշեցումն են: Նման իրավիճակները չպետք է թույլատրվեն:
Վերջին միջազգային զեկույցները ներկայացնում են աշխարհում կրոնական ազատության բավականին տխուր պատկեր: Դրանցից մեկի համաձայն՝ մարդկության շուրջ 80%-ը բնակվում է այնպիսի վայրերում, որտեղ կրոնական սահմանափակումները գնահատվել են «բարձր» կամ «շատ բարձր»: Այլ զեկույցներում նշվում է այս առումով իրավիճակի վատթարացման մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ մասնակից որոշ երկրներում, որոնք գտնվում են Հայաստանի անմիջական հարևանությամբ: Այս երկրներում առանձնահատուկ անհանգստություն ներկայացնող ոլորտներ են խղճի բանտարկյալների թվի աճը, ատելության տարածումը, հատկապես լրատվամիջոցների և կրթության միջոցով:
ԵԱՀԿ տարածաշրջանում առկա է որոշակի միտում այն մասնակից երկրների շրջանում, որոնք հայտնի են ԵԱՀԿ մարդու իրավունքների, մասնավորապես, հիմնարար ազատությունների մասով պարտավորությունների խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումները քողարկել` իրենց ներկայացնելով որպես հանդուրժողականության կղզյակ կամ նույնիսկ որպես ուրիշների համար լավագույն օրինակ: Մի կազմակերպությունում իրենց որպես բազմամշակութային, բազմակրոն ներկայացնելը, մյուսում` կրոնական աջակցություն խնդրելը և վերջապես մարդու իրավունքները սեփական բնակչության շրջանում ատելության սերմանմամբ փոխարինելը գուցե կարող են արդյունքներ տալ միայն որպես կարճաժամկետ քարոզչություն, սակայն անշուշտ խաթարում են կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում:
Ցավոք, կրոնը հաճախ է շահարկվում աջակցություն ձեռք բերելու նպատակով այն հակամարտությունների պարագայում, որոնք որևէ առնչություն չունեն հավատքի հետ: Կրոնական համերաշխության վրա հիմնված որոշ կազմակերպություններ սատարում են այս պնդումներին՝ ըստ էության վատթարացնելով արդեն իսկ բարդ հակամարտային իրավիճակները: Մենք հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն և նախևառաջ այն մասնակից երկրները, ովքեր հանդիսանում են նման կրոնական հիմքի վրա գործող կազմակերպությունների անդամներ, պետք է վճռականորեն մերժեն նման վտանգավոր գործելաոճը: Իրականում, ներկայիս ավերիչ հակամարտություններից շատերը տեղի են ունենում ոչ թե տարբեր, այլ միևնույն կրոնի ներկայացուցիչների միջև, և սա ակնհայտ է հատկապես ժամանակակից Մերձավոր Արևելքի օրինակով:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Այսօր որևէ այլ վայրում քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության վրա հիմնված հանցագործություններն այդքան տարածված չեն, որքան Մերձավոր Արևելքում, որտեղ սկիզբ են առել աշխարհի խոշոր կրոններից երեք: Հայ ժողովուրդը դարեր շարունակ տարածաշրջանի բազմամշակութային և բազմակրոն խճանկարի մաս է կազմել: Մերձավոր Արևելքի այս բազմազանությունը դարեր ի վեր նշանակալի արժեք էր ներկայացնում: Սակայն ազգայնականության և կրոնական արմատականության ալիքները էականորեն փոխել են տարածաշրջանի կրոնական և էթնիկ կառուցվածքը: Արդյունքում, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թիվը էականորեն կրճատվել է` 20-րդ դարի սկզբում կազմելով բնակչության շուրջ 20%-ը դարավերջին հասնելով 5%-ի, և էլ ավելի նվազելով 21-րդ դարի սկզբում: Իրաքում քրիստոնյաների թիվը վերջին տասնամյակում նվազեց 80%-ով: Սիրիայում քրիստոնյա բնակչության թիվը միայն վերջին վեց տարիների ընթացքում 1 միլիոն 250 հազարից իջել է շուրջ 500,000-ի: Սիրիայում ժամանակին ծաղկուն հայկական համայնքը նույնպես կտրուկ կրճատվել է: Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստական՝ այդպիսով դառնալով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:
Իրաքում եզդի ժողովուրդը Մերձավոր Արևելքում կրոնական հենքի վրա բռնությունների հիմնական զոհներից մեկն է Միջազգային հանրությունը ճանաչել է ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի, նրանց մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ իրականացված բարբարոսական գործողությունների ցեղասպան բնույթը: Հայաստանը բարձրաձայնել է եզդի ժողովրդի պաշտպանության խնդիրը բազմաթիվ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում:
Կրոնական խմբերի անդամների զանգվածային արտահոսքը այս տարածաշրջանից մեծամասամբ հանդիսանում է անմարդկային գաղափարախոսության և ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված վայրագությունների հետևանք: Անհրաժեշտ է նորից և նորից հստակեցնել, որ կրոնը որևէ առնչություն չունի ահաբեկիչների հետ, որոնք այն շահարկում են իրենց նպատակաների համար: Այստեղ մենք գործ ուեննք ԴԱԵՇ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից քաղաքակրթությունների դեմ իրականացված հանցագործությունների հետ: Մենք խստագույնս դատապարտում ենք այդ գործողությունները:
Մերձավոր Արևելքի բազմազանության և հանդուրժողականության վերջին բեկորների պահպանությունը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության վերականգնման համար: Դա կարող է կանխել ապակայունացման վտանգի տարածումը ինչպես հարակից, այնպես էլ ավելի հեռու գտնվող տարածաշրջաններում: Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն և ԵԱՀԿ միջերկրածովյա գործընկերներն ընդհանուր ամուր շահեր ունեն այս առումով: Մերձավորարևելյան ռազմական թատերաբեմից վերադարձող ահաբեկիչները սպառնում են ոչ միայն իրենց ծագման երկրների անվտանգությանը, այլև կարող են ապակայունացնող գործոն հանդիսանալ այլ տարածաշրջանների համար` սրելով ճգնաժամային իրավիճակները և տարածաշրջանային հակամարտությունները: ԴԱԵՇ-ի ոճով գլխատումները և այլ զազրելի վայրագություններն արդեն իսկ միայն Մերձավոր Արևելքով չեն սահմանափակվում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԴԱԵՇ-ի շարքերը համալրել են նշանակալի թվով գրոհայիններ ԵԱՀԿ մասնակից այն երկրներից, որոնք սահմանակցում են Հայաստանին: Դա անհանգստացնող հանգամանք է մեզ համար, և համոզված եմ ԵԱՀԿ բազմաթիվ մասնակից երկրներ կիսում են այս մտահոգությունը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբերը և կազմակերպություններն առանցքային դեր են խաղում խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարում: Հուսով եմ, որ Համաժողովի նախօրեին Երևանում կայացած ԺՀՄԻԳ երկօրյա սեմինարը նպաստեց բացահայտելու այն ոլորտները, որտեղ քաղաքացիական հասարակությունը կարող է իր հավելյալ արժեքավոր ներդրումն ունենալ՝ հակազդելու քրիստոնյաների ու այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ատելության սերմանմանը և ինքնության հողի վրա իրականացվող ճնշումներին: Ուրախ եմ արձանագրել տարբեր կրոնական պատկանելություն ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն ներկայությունն այս համաժողովին:
Կցանկանայի նաև նշել, որ Հայաստանը աջակցել է Նախագահության առաջնահերթությանը՝ ուղղված բռնի ծայրահեղականության և արմատականության դեմ պայքարին՝ հատկապես երիտասարդության շրջանում: Մենք համակարծիք ենք, որ երիտասարդները մասնակից երկրների համար կարևոր գործընկերներ են ատելության վրա հիմնված հանցագործությունների կանխարգելման մեր ջանքերում: Ներդրումը երիտասարդության մեջ, պայքարը նրանց սրտերի և մտքերի համար մեծամասամբ կնախանշի հասարակությունների ապագան: ԵԱՀԿ-ի նպատակներից է անհանդուրժողականությունից, ատելությունից և այլատյացությունից զերծ ապագայի կերտումը:
Համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ քննարկումներ: Հուսով եմ, որ այն առաջարկությունները, որոնք կարող են ներկայացվել համաժողովի արդյունքներով խորհելու հիմք կհանդիսանան ԵԱՀԿ-ի և նրա կառույցների համար՝ իրենց հետագա դիտարկումներում և աշխատանքում:
Շնորհակալություն:
Նմանատիպ նյութեր
4406 դիտում
23:41 23-03-2016
Ներիր Բելգիա, մենք ահաբեկիչներ չենք, մենք փախստականներ ենք. Հունաստանի սահմանին 15 հազար փախստական է կուտակվել
Այս բաժնից
562 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5584 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի