ՀՀ կառավարությունը արտահերթ ընտրություններ կանցկացնի Վանաձորում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. « Վանաձորի ավագանու շուրջ վերջին զարգացումներն անակնկալ անվանելը միամտություն կլինի: Առավել մեծ անակնկալ էր, որ «Հայկական վերածնունդ» կուսացությունը, նույն ինքը «Օրինաց երկիրը», ընդդիմադիր կերպարի մեջ կարողացավ մնալ ԱԺ ընտրություններից հետո այսքան երկար՝ մոտ կես տարի:
Նրանք այլևս քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել իշխող ՀՀԿ-ի հետ՝ դրա դիմաց ստանալով Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը: Հիմա Վանաձորի ավագանու նիստերին քվորում կապահովվի:
Բայց որքան էլ անվանափոխված ՕԵԿ-ի՝ Վանաձորի ավագանու անդամների նիստերին մասնակցելն օրինական դարձնի այդ մարմնի ներկա գործունեությունը, միևնույն է՝ դրանից խնդրի էությունը չի փոխվի, և նախորդ՝ ավելի քան մեկ տարվա անգործությունը և հակասահմանադրականությունը չի վերանա:
Իսկ երբ ՍԴ-ի հայտնի որոշումը 2018 թվականի մարտի 31-ից ամբողջությամբ սկսի գործել, Վանաձորի ավագանու՝ մինչև այս տարվա նոյեմբերի 10 կայացրած որոշումները ուժը կորցրած կճանաչվեն: Արդյունքում, կստացվի, որ Վանաձորի ավագանին ձևավորման պահից՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ից, չի գործել, քանի որ ավագանու գործունեությունն արտահայտվում է որոշումներով: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը պարտադրված կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել, իհարկե, եթե մինչ այդ արդեն ընտրություններ նշանակված և անցկացված չլինեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]