211652_close_icon
views-count6838 դիտում article-date 22:08 17-11-2017

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ խմբակցությունները նոյեմբերի 17-ին հանդիպել են փորձագիտական առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ՝ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչ Ալեքսեյ Գրոմովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետ Վասիլ Վաշչանկան: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը եւ Անդրանիկ Կարապետյանը: Աղվան Վարդանյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո օրենսդրության համապատասխանեցման աշխատանքները՝ ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի հետ երկարատեւ արդյունավետ համագործակցությունը հատկապես սահմանադրական բարեփոխումների փուլում: Նա համոզմունք է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական մասնակցությունն ու առաջարկները նպաստավոր կլինեն նաեւ սահմանադրական օրենքների փոփոխության հարցում: Անդրադառնալով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նա ընդգծել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել եւ առաջիկայում այն խորհրդարանում կքննարկվի: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է օրենքի նախագծի որոշ կարեւորագույն դրույթների: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետներին հետաքրքրել են մասնավորապես բողոքների ներկայացմանն առնչվող գործընթացների կատարելագործման, նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման երաշխիքները: Աղվան Վարդանյանը նշել է, որ վարչական ռեսուրսի չարաշահման խնդրի լուծմանն էր ուղղված նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքում պատժամիջոցների խստացումը, ինչպես նաեւ վարչական ռեսուրսի օգտագործման դեմ որոշակի մեխանիզմների ներդնումը: Խմբակցության քարտուղարի խոսքով՝ որքան էլ օրենսդրությունը կատարելագործվի, միեւնույնն է այս հարցում սողանցքներ կարող են մնալ, ուստի նա կարեւորել է քաղաքական ուժերի՝ վարչական ռեսուրսը չօգտագործելու կամքն ու ողջախոհությունը: Նշվել է, որ բողոքարկման ինստիտուտն Ընտրական օրենսգրքով բավականին կատարելագործվել է, կատարվել են շտկումներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծին առնչվող մի շարք հոդվածների եւ վիճահարույց կետերի: Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ միջազգային փորձագետների առաջարկներն առավել ամբողջական կդարձնեն նախագիծը: «Ելք» խմբակցությունը ներկայացրել է իր տեսակետը «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գեւորգ Գորգիսյանն ընդգծել է, որ նախագիծը, նախ եւ առաջ, համապատասխանեցվում է ՀՀ Սահմանադրությանը: Պատգամավորն անդրադարձել է օրենքի նախագծի որոշ խնդրահարույց դրույթների՝ ընդգծելով հստակեցման անհրաժեշտությունը: Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել էլեկտրոնային փոստով քվեարկելու, «ձեռնպահության» քարոզի հնարավորություններին: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե արդյոք նախատեսվում են հրապարակային, հանրային քննարկումներ օրենքի նախագծի վերաբերյալ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ հանրային քննարկումները միշտ էլ ողջունելի են, սակայն Հայաստանում ընտրական գործընթացների հանդեպ ձեւավորվել է հիասթափության մթնոլորտ, եւ վստահ չէ, որ հասարակությունը կմասնակցի քննարկումներին: ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կարեւորել են նման ձեւաչափով քննարկումները: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հետաքրքրվել են օրենքի նախագծի որոշ վիճահարույց դրույթներով: «Շահագրգռված լինելով, որ ցանկացած ընտրություն եւ հանրաքվե անցկացվի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին համապատասխան, մենք փորձելու ենք քննարկված դրույթները տեղայնացնել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծում: Բոլոր դեպքերում, ընտրական գործընթացները պետք է կազմակերպվեն եւ անցկացվեն ՀՀ Սահմանադրությանը համապատասխան»,- ասել է Վահե Էնֆիաջյանը: «Ընտրական գործընթացները կարգավորող օրենսդրության կատարելագործումը մեզ համար սկզբունքային է: Ընտրական գործընթացը, այդ թվում եւ հանրաքվեն, պետք է կազմակերպվի եւ անցկացվի առավելապես հենվելով քաղաքական բաղադրիչի վրա այլ ոչ՝ ապաքաղաքական արժեքների, միջոցների ու մեթոդների»,- ասել է Գեւորգ Պետրոսյանը: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խմբակցության անդամներ Հրայր Թովմասյանը, Հակոբ Հակոբյանը եւ Ռուստամ Մախմուդյանը հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների եւ համատեղ աշխատանքի վերաբերյալ եւ իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել խմբակցության անդամներին: Հարցերը վերաբերել են հանրաքվեի կազմակերպմանը, քարոզչության եղանակներին, ստորագրությունների հավաքագրմանը եւ քաղաքացիների նախաձեռնությամբ իրականացվող հանրաքվեին: ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հանգամանալից պատասխանել է հյուրերի հարցերին: Պատասխանելով հանրաքվեի ընթացքում չլրացված թերթիկներին վերաբերող հարցին՝ Հրայր Թովմասյանը նշել է, որ նախընտրական քարոզչության ընթացքում քարոզվում է քվեարկել կողմ, դեմ, ձեռնպահ. քվեարկությունից հետո չլրացված թերթիկներն անվավեր են ճանաչվում: Առանձին կարգավորում ձեռնպահ քվեարկելու հետ կապված չկա: Անդրադառնալով քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը օրենքի նախագծի քննարկմանը՝ պարոն Թովմասյանը նշել է, որ կկազմակերպվեն հանրային քննարկումներ, եւ ընդդիմադիր խմբակցությունները նույնպես կարող են հրավիրել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու նախագծի՝ իրենց համար վիճահարույց դրույթները: Ինչ վերաբերում է հանրաքվե անցկացնելու սահմանափակումներին՝ դրանք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Հանդիպման ավարտին խմբակցության անդամները շնորհակալություն են հայտնել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին համագործակցության համար: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Պիեր Գարոնը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը դեկտեմբերյան նստաշրջանի ընթացքում կընդունի «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ վերջնական եզրակացությունը:

Նմանատիպ նյութեր