211652_close_icon
views-count1886 դիտում article-date 23:16 10-06-2016

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջնական կարծիք կներկայացնեն ամբողջովին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 10-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 107-րդ լիագումար նիստին, որտեղ քննարկվել և հաստատվել է առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքը: Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել կարծիքի համար և ելույթում անդրադարձել Վենետիկի հանձնաժողովի՝ ամբողջովին ընդունված օրենսգրքում իրացված առաջարկներից առավել առանցքայիններին, միևնույն ժամանակ ներկայացրել նաև չընդունված առաջարկների հիմնավորումները: Իր խոսքի վերջում արդարադատության նախարարը խնդրել է Հանձնաժողովին ներկայացնել նոր կարծիք ընտրական օրենսգրքի արդեն իսկ ընդունված տարբերակի վերաբերյալ՝ հաշվի առնելով նախնական կարծիքի նախագծում ներկայացված և իշխանությունների կողմից իրացված առաջարկությունները։ Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովն իր նախնական կարծիքում ամրագրել է նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ. «Ընտրական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի մայիսի 25-ին՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայներով, այն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունիսի 1-ին: Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արձանագրում են, որ հայաստանյան իշխանություններն ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացում իրենց առաջարկություններն հաշվի առնելու շոշափելի ջանքեր են գործադրել և ապահովել են գործընթացում երկրի ներսում դերակատարների մասնակցության լայն ներառականություն: Հայաստանյան իշխանությունները Հանձնաժողովից խնդրել են նոր կարծիք տրամադրել մայիսի 25-ին ընդունված օրենսգրքի վերաբերյալ: Ուստի, Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն այս հաջորդող կարծիքում կգնահատեն օրենսգրքում իրացված վերջին փոփոխությունների և Նախնական կարծիքում ներկայացված առաջարկությունների համապատասխանությունը»:

Նմանատիպ նյութեր