211652_close_icon
views-count4163 դիտում article-date 19:25 11-11-2017

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 11-ին ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացմանը, որը կայացել է Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդես-մրցույթն իրականացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համատեղ ջանքերով՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ: Ներկայացված են տարբեր բուհերի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկա: Շնորհավորելով երիտասարդ ստեղծագործողներին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է ցուցահանդես-մրցույթի կազմակերպումը: Պարոն Բաբլոյանն ընդգծել է, որ այսօր երիտասարդները հնարավորություն ունեն գործնականում օգտագործել ու զարգացնել իրենց ստեղծագործ երևակայությունը, գիտելիքն ու կարողությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արվեստում ու մշակույթում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մեզ անհրաժեշտ են կրթված, նախաձեռնող ու պատասխանատու մարդիկ, ովքեր ստեղծագործ մտածողության տեր են, կարող են համարձակ որոշումներ կայացնել: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկրում երիտասարդությանը կարևոր ու առանձնահատուկ դեր է հատկացված, օրենսդիր ու գործադիր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում մեծ թվով երիտասարդներ են ներգրավված: «Ձեր առջև բացված են լայն հնարավորություններ ու մեծ հեռանկարներ: Բայց դուք ինքներդ պետք է ընդառաջ գնաք այդ ամենին, ձեր ապագային, որը նաև մեր հայրենիքի ապագան է: Ձեր քաղաքացիական ու քաղաքական գիտակցությունից, ձեր մտահղացումներից, ձեռնարկներից է կախված հայրենիքի, բնակավայրի, օջախի ճակատագիրը: Յուրաքանչյուրիս ցանկությունը պետք է լինի, որ մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր տունը դառնան ավելի ապահով, զարգացած, ավելի բարեկեցիկ»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, կարևորելով նման ցուցահանդեսների կազմակերպումը, նշել են, որ այն բացառիկ հնարավորություն է երիտասարդ ստեղծագործողներին իրենց աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար: Նրանց գնահատմամբ՝ ցանկացած արվեստագետի համար մեծ պատիվ է Նկարիչների միությունում ներկայացված լինելը: Արա Բաբլոյանը շրջել է ցուցասրահում և ծանոթացել ներկայացված աշխատանքներին, շփվել երիտասարդ ստեղծագործողների հետ: Ցուցահանդես-փառատոնը բաց կլինի ևս 6 օր, իսկ ավարտին մասնագիտական հանձնաժողովների կողմից կորոշվեն հաղթողները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր