211652_close_icon
views-count2720 դիտում article-date 13:39 10-11-2017

Գործազրկությունը երիտասարդության թիվ մեկ խնդիրն է. Ատոմ Մխիթարյան

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է: 1945 թվականին, Երկրորդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո, Լոնդոնում կայացած երիտասարդական համաժողովի արդյունքում հիմնադրվում է «Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը» (WFDY): Այդ օրվանից նոյեմբերի 10-ը նշվում է որպես երիտասարդների օր: 1999 թվականին նույն օրն է հիմնադրվել նաև անկախ Հայաստանի առաջին և ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ «Երիտասարդական ակումբների դաշնությունը» (FYCA): Կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորելով երիտասարդության դերը երկրի զարգացման և առաջմղման գործում, արձանագրում է, որ այսօր հայ երիտասարդների թիվ մեկ խնդիրը մնում է գործազրկության բարձր մակարդակը: Ըստ հարցումների՝ հայ երիտասարդների 70%-ը ներկայումս չի զբաղվում եկամուտ ապահովող որևէ գործունեությամբ: «Մեր վերջին հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդների առաջնային խնդիրները կապված են հիմնակում աշխատանքի և կրթության հետ: 16-30 տարեկան երիտասարդների ավելի քան 80%-ի համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ գործազրկությունը, 48%-ի համար՝ ցածր աշխատավարձերը, և 35%-ի համար՝ բնակարա¬նային ապահովման խնդիրները»-ասում է Ատոմ Մխիթարյանը: Նրա փոխանցմամբ` մյուս կողմից Հայաստանի երիտասարդությունը քաղաքացիական գործընթացներին մասնակցության ցածր մակարդակ ունի: «Եթե, օրինակ, Արևմտյան Եվրոպայի երկրներում երիտասարդների կեսից ավելին ընդգրկված է քաղաքացիական հասարակության կառույցներում և որոշումների կայացման գործընթացում ունի լուրջ դերակատարություն, ապա Հայաստանում այդ թիվը կազմում է առավելագույնը 7-8%»: Ատոմ Մխիթարյանի կարծիքով` այստեղ, պետությունից զատ, մեծ անելիք ունեն երիտասարդական կառույցները, որոնք պետք է խրախուսեն երիտասարդների նախաձեռնությունները: Երիտասարդության համաշխարհային օրվա ու Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) 18-ամյակի առթիվ Ատոմ Մխիթարյանն ուղերձ է հղել. «Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ և ցանկանում հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում: Վստահ եմ, որ մեր ընդհանուր առաջընթացի գրավականը կրթված, խելացի, նախաձեռնող ու վճռական երիտասարդությունն է: «Երիտասարդական ակումբների դաշնությունը» գրեթե երկու տասնամյակ դեպի այս նշանակետն է քայլում իր բազմաբնույթ նախաձեռնություններով և ծրագրերով: ԵԱԴ-ն շարունակելու է աջակցել երիտասարդների ձեռնարկատիրական գործունեությանը, նորարարական նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Շնորհավո՛ր տոնդ, երիտասա՛րդ»:

Նմանատիպ նյութեր