Ո՞վ է ֆինանսավորելու պրոբացիայի շահառուների էլեկտրոնային հսկողությունը
Կառավարությունն այսօրվա նիստում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ պայմանավորված, սահմանել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման կարգը:
Այն հնարավորություն կտա լուծելու քրեական վարույթի մինչդատական և դատական քննության, ինչպես նաև պատժի կատարման փուլերում պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, պարզելու պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը:
Հիմնավորման համաձայն, որոշ երկրներում էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման հետ կապված ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը, մյուսներում՝ սարքը կրող կասկածյալը, մեղադրյալը կամ դատապարտյալը վճարում է ծառայության համար (մասամբ կամ ամբողջությամբ):
Որոշմամբ նախատեսվել է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունները կարող են իրականացվել թե՛ պետբյուջեի, թե՛ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին: Այդ հարցը քննարկելու և որոշելու է դատարանը՝ հաշվի առնելով տվյալ անձի գույքային դրությունը: