ԱՄՆ նոր վարչակազմի որոշումներն առնչվում են հարցին, թե ինչպես հասնել նրան, որ Ադրբեջանը փոխի դիրքորոշումը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց հետո կայացվել են որոշումներ, թե ինչպես է պետք գործընթացը առաջ տանել, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ ադրբեջանական լրատվամիջոցների հետ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին և ասելով, թե այդ հարցը քննարկել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ էնդրյու Շեֆերի հետ: Ինչ որոշումների մասին է խոսքը, դեսպանը չի մանրամասնել:
Ղարաբաղյան խնդրում ամերիկյան քաղաքականության ակտիվացման և նոր քայլերի մասին դեռևս ամիսներ առաջ խոսել էր նախկին համանախագահ Հոգլանդը, Մինսկի խմբում իր պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ առաջ: Նա հայտարարել էր, որ վարչակազմը երբ ձևավորվի և արտաքին քաղաքական ռազմավարությունն ամբողջանա, ԱՄՆ-ն կակտիվանա ղարաբաղյան խնդրում: Այժմ Ադրբեջանում Նահանգների դեսպանն է հայտարարում կայացված որոշումների մասին, թե ինչպես շարունակել գործընթացը: Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատասխանելով կոնգրեսականների Նամակին՝ ղարաբաղյան շփման գծում քայլերի վերաբերյալ, հայտարարել էր, թե լիովին համամիտ է դիպուկահարների հետքաշման և հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման գաղափարներին, և դա պետքարտուղարության դիրքորոշումն է:
Շփման գծում հրադադարի մեխանիզմի ներդրման անհրաժեշտության և առաջնահերթության մասին ԱՄՆ-ն հայտարարել է դեռևս նախորդ վարչակազմի ժամանակաշրջանում: Ներկայումս հայտարարվում է կայացված որոշումների մասին, ընդ որում՝ հատկանշական է, որ դա արվում է Ադրբեջանում դեսպանի շուրթերով, քանի որ, ըստ էության, հենց Ադրբեջանն է խոչընդոտում այդ մեխանիզմների ներդրմանը, մերժում դրանք տեղակայելու առաջարկը կամ այսպես ասած՝ Վիեննայի օրակարգը: Հետևաբար՝ պետք է ենթադրել, որ ԱՄՆ նոր վարչակազմի որոշումներն առնչվում են հարցին, թե ինչպես հասնել նրան, որ Ադրբեջանը փոխի դիրքորոշումը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: