211652_close_icon
views-count9731 դիտում article-date 16:48 03-11-2017

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Հանդիպման սկզբում վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին այցի հրավերն ընդունելու և համաժողովին մասնակցելու համար` հույս հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի այցը նոր խթան կհաղորդի հայ-հնդկական հարաբերություններին և կբարձրացնի դրանք նոր մակարդակի: Վարչապետը նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը հանդիսանում է Հնդկաստանի վստահելի և կարևոր գործընկերը: Նրա խոսքով, հայ վաճառականները առաջիններից էին, որ եկան Հնդկաստան և խթանեցին առևտրային կապերը Հնդկաստանի ու տարբեր երկրների միջև: Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանում հաջողությամբ կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում ՀՀ Նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել հրավերը և ուրախ է Հնդկաստանի նման հրաշալի երկրում գտնվելու համար: Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել առավոտյան բացված Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովից և ցուցահանդեսից: Նախագահն ընդգծել է, որ հիացած է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը համարվող Հնդկաստանի հաջողություններով` հատկապես սննդարդյունաբերության բնագավառում գրանցած առաջընթացով և ընդգծել, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար: Նշելով, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ամենաամուր հիմքն են երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր այցելությունը նոր շունչ կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը: Հանդիպման պատեհ առիթով Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել է վարչապետ Մոդիին և բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության անկախության 70-ամյակի առթիվ և նշել, որ որպես Հնդկաստանի բարեկամ երկիր՝ Հայաստանը ուրախությամբ է հետևում Հնդկաստանի հաստատուն առաջընթացին և ականատեսը լինում միջազգային ասպարեզում նրա տարեցտարի աճող դերին ու հեղինակությանը: Հիշատակելով, որ այս տարի Հայաստանը և Հնդկաստանն արդեն հատել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդդարյա շեմը, Նախագահ Սարգսյանը և վարչապետ Մոդին համակարծիք են եղել, որ այդ հոբելյանը լավագույն առիթն է ի մի բերելու համատեղ ձեռքբերումները և նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Զրուցակիցների համոզմամբ, չնայած փոխհարաբերությունների բարձր մակարդակին, երկու բարեկամ երկրների միջև առկա է զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործման և այս հարցում շոշափելի առաջընթաց գրանցելու համար զգալի աշխատանք կա իրականացնելու: Փոխգործակցության ընդլայնման հարցում Սերժ Սարգսյանը և Նարենդրա Մոդին կարևորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` անհրաժեշտ համարելով հանձնաժողովի նիստերը համալրել նոր, առավել թիրախավորված օրակարգով: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար: Նախագահը նաև հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա, որը ևս կարող է համագործակցության արդյունավետ հարթակ դառնալ: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ըստ Նախագահ Սարգսյանի, փոխգործակցության արդյունքում բարեկամ Հնդկաստանին ևս անարգել մուտք կապահովի այդ հսկայական շուկա: Հանդիպմանն անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային մի շարք ոլորտներում ու տնտեսության առանձին ճյուղերում, ինչպիսիք են օրինակ` ոսկեգործությունը, ադամանդագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակման արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, գիտությունը և մշակույթը, փորձի փոխանակում ու ակտիվ համագործակցություն իրականացնելու հնարավորություններին: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նարենդրա Մոդին գոհունակությամբ են նշել, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ համագործակցություն նաև բազմակողմ ձևաչափով, ինչը լավագույնս դրսևորվում է միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին և առկա մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում, նշելով, որ երախտապարտ է այն ջերմ ընդունելության համար, որին արժանանում է բարեկամ Հնդկաստանում, որի հետ Հայաստանը կիսում է ժողովրդավարության ու համամարդկային բարձր արժեքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր